Թուրքիան չի պատրաստվում կատարել ընդդիմադիր կուսակցության առաջնորդի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում գործող ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ կապված որոշում է կայացրել, որը Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կատարել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն:
Ազատ արձակումից հետո, ըստ որոշման, Թուրքիայի կառավարությունը Դեմիրթաշին որպես բարոյական փոխհատուցում պետք է վճարի 10 հազար, իսկ որպես դատական ծախսերի փոխհատուցում՝ 15 հազար եվրո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը և հայտնել, որ Թուրքիան չի պատրաստվում կատարել այդ որոշումը:
«Այդ որոշումը մեզ վրա չի ազդի, մենք դրա դեմ պատասխան քայլեր կձեռնարկենք, և այդ գործը կփակվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016թ. նոյեմբերի 4-ին: Դեմիրթաշի հետ միասին ձերբակալվել են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և մոտ մեկ տասնյակ այլ կուսակցականներ: Նրանք մեղադրվում են ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու, հասարակության մեջ ատելություն սերմանելու և Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ: