«Երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, իշխանությունն ի՞նչ պետք է անի». Նիկոլ Փաշինյան
Ամենայն Հայոց կաթողիկոսի անխոչընդոտ տեղաշարժը հունիս-հուլիսյան դեպքերից հետո ապահովում է ոստիկանությունը։ Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այն օրենքը, որ առաջարկվում էր ընդունել, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին է։
«Մենք համարում ենք, որ Կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է։ Այսինքն՝ այս շեշտադրումով մենք եկեղեցու էությունը խաթարո՞ւմ ենք, թե՞ չէ։ Մենք համարում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության համար լավ է, որ մենք, ասենք, մի երկրում, որտեղ բնակչության 90%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել հատուկ օրենսդրական փոփոխություն անել, որ նա թիկնազորո՞վ շրջի։ Էդ մարդիկ մտածում են՝ իրենք եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ հանրապետականները խռովում, դուրս են գալիս ԱԺ նիստերի դահլիճից. «Բա ինչի՞ մինչև հիմա չեք ընդունել էդ օրենսդրությունը։ Այսինքն՝ էս երկրում կյանքը սկսվել է 2018 թ. մայիսի՞ց։ Բա դրանից առաջ ընդունեիք, ինչի՞ չեք ընդունել էդ օրենքի նախագիծը։ Բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին են աղանդները, ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել ՀՀ-ում։ Էդ ամեն ինչը 6 ամսվա ընթացքում է տեղի ունեցե՞լ։ Հիմա էլ ակնարկում են՝ այ, էդ շարժումը՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ», հրահրված է, իշխանությունն աջակցում է։ Գիտե՞ք ինչ, հերիք է, հա՞, եկեք շատ ուղիղ ասենք, որ դա ընդամենն արտահայտությունն է եկեղեցու ներքին պրոբլեմներին»։
Ն. Փաշինյանը նշեց, որ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում, որոշ ԼԳԲՏ ակտիվիստներ ամենաբուռն ձևով պայքարում են այդ երևույթի դեմ, ու միևնույն ժամանակ՝ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի՝ երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, իշխանությունն ի՞նչ պետք է անի։
«2000-ականներին ՀՀ-ում, երբ ՀՀԿ ամենածաղկուն շրջանն էր, հրապարակվել է նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում։ Եվ այն ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում»,- հիշեցրեց Ն.Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում