
Բերա Իվանիշվիլին ցուցադրել է հարսանիքի տեսանյութը

Վրացի միլիարդատեր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ երաժիշտ Բերա Իվանիշվիլին, սոցցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է անցել նրա հարսանիքը՝ հագուստները նախապատրաստալուց մինչեւ հարսանեկան տորթի կտրելը եւ վիթխարի հրավառությունը։
23-ամյա Բերայի եւ մոդել Նանուկա Գուդավաձեի պսակադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Մցխեթ պատմական քաղաքի Սվետիցխովելի մայր տաճարում: Վրաստանի հասարակության մի մասին ցնցել է հանդիսավոր իրադարձության մասշտաբը: Հարսանեկան տեսանյութում, որն ուղեկցվում է Բերայի նոր երգով, հայտնվել են պսակադրության արարողության եւ բնության գրկում նորապսակների ֆոտոսեսիայի հանգուցային պահերը:
«Սա ամենաերջանիկ օրն է մեր կյանքում: Ես այս երգը գրել եմ իմ գեղեցկուհի կնոջ համար: Երաժշտությունը ինձ համար միշտ էլ եղել է իմ զգացմունքներն արտահայտելու լավագույն միջոցը: Եվ ահա ես դրանք ներդրել եմ այս երգի մեջ»,- գրել է Բերան Instagram-ում: