«Որևէ խնդիր չենք ունեցել ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր». Ռալֆ Յիրիկյան

«Վիվա-Սել ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործարար միջավայրում որևէ փոփոխություն նկատելի՞ է, նշեց, որ փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ չի անցել։

Նրա կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո միայն կարելի է իսկական գնահատականներ հնչեցնել։

«Ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, մեզ համար բոլորը մեր բաժանորդներն են, դրա համար մենք բոլորին նայում ենք հավասար հեռավորությունից և փորձում ենք բոլորին սպասարկել, քանի որ նրանք բոլորը մեր բաժանորդներն են»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը։
Նա վստահեցրեց, որ որևէ խնդիր չեն ունեցել ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր։

«Գուցե մեր ոլորտը մի քիչ յուրահատուկ է, բայց մենք երբևէ խնդիրներ չենք ունեցել»,- շեշտեց Ռ. Յիրիկյանը։

Խոսելով կառավարության կոռուպցիայի դեմ պայքարից, Ռալֆ Յիրիկյանը նկատեց, որ լավատես է, և ամեն ինչի միայն սկիզբն է դժվար, սակայն, երբ առաջ քաշած գաղափարն իր տեղը գտնում է, ապա ամեն ինչ հեշտ է ընթանում։
Ինչ վերաբերում է բարեգործության մասին օրենքում փոփոխություններ անելու առթիվ բարձրացրած աղմուկին, Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:

«Կարծում եմ՝ սա վերաբերում է քաղաքական ոլորտին, մենք ընդհանրապես քաղաքականությունից շատ հեռու ենք»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս