«Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը, որը նոյեմբերի 18-ին քաղվածքներ է տարածել բրիտանական կառավարության ղեկավարի ելութից, որով նա պետք է նոյեմբերի 19-ին հանդես գա Բրիտանական արդյունաբերության համադաշնության (CBI) տարեկան համագումարում։
Մեյի խոսքով՝ բրիտանական կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ է սպասում» Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի նախաշեմին:
«Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք լիովին ու վերջնականապես կմշակենք շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր ապագա հարաբերությունները: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրախորհրդի նիստում կնքել այնպիսի գործարք, որը ես կկարողանամ ներկայացնել Համայնքների պալատին»,- ասված է նրա ելույթ տեքստում: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ինքը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: «Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ «ղեկավարի դերն այն է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»: Մեյը նաեւ հայտարարել է, թե ինքը կասկածներ չունի, որ ճիշտ գործողություններ է ձեռնարկել Brexit-ի վերաբերյալ: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: