Բաժիններ՝

«Եթե ընդհանրական ասեմ, փոխվել է մեղադրանքի միջի բառերի քանակը». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռական դատարանում նիստի ժամանակ ներկայացրել է իր փաստարկները: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց մարտի 1-ի գործով քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է մեղադրանքի էությանը, այդ ժամանակվա իրավիճակին, իր գործողությունների մանրամասներին:

Անդրադառնալով վճռական դատարանի որոշմանը՝ պաշտպանն ասաց, որ առաջին տպավորությունը բացասական է. «Երբ որոշումը, ամբողջը տեքստը կստանամ, կկարողանամ ավելի մանրամասն ասել կարծիքս»:

Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանն այօսր որոշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռական բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ նոր քննության:

Խոսելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից հատուկ կարծիք հայտնելու մասին՝ Հայկ Ալումյանն ասաց.  «Որքանով ես հասկացա, պարոն Ավետիսյանն այն կարծիքին էր, որ կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության հարցը պետք էր ներկայացնել Սահամադրական դատարան, իսկ այս վարույթը՝ կասեցնել, մինչև Սահամանադրական դատարանի՝ որոշում կայացնելը»:

Մասնավորապես Հայկ Ալումյանն ասաց, որ հավանաբար խոսքը վերաբերում է անձեռնմխելիությանը վերաբերվող նորմին.

«Իր՝ նիստի ժամանակ տված հարցերից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձռենմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ, և այդ հարցը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանի լուծմանը: Ինձ մոտ այդպիսի տպավորություն էր»:

Հայկ Ալումյանն ասաց, որ դատախազությունը ներկայացրել էր պահանջ՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, և Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակիորեն: Պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ բողոքը ստանալուց հետո դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայկ Ալումյանն ասաց. «Շատ մեծ հավանականությամբ՝ այո»:

«Ի թիվս այլնի՝ մեղադրանքի մեջ այսպիսի ձևակերպում կա, որ հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել Սահմանադրության խախտմամբ: Մենք ասում ենք, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը (իսկ արտակարգ դրությունը սահմանվել է Հանրապետության նախագահի հրամանագրով) բացառապես Սահմանադրական դատարանի լիազորություն է: Այսինքն՝ ոչ քննիչը, ոչ Առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել, թե Հանրապետության նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ներկայացնելով իրենց մյուս փաստակը՝ պաշտպանն ասաց.
«Մեղադրանքի մեջ կա այսպիսի ձևակերպում, որ փաստացի ռազմական դրություն է մտցված եղել: Մենք ասում ենք, որ փաստացի ռազմական դրություն նշանակում է՝ հրամանագրով ռազմական դրություն հաստատված չէ՝ դե յուրե, բայց դե ֆակտո բոլոր քայլերը ձեռնարկված են, որոնք իրենց համակցությամբ նշանակում են ռազմական դրություն: Այսինքն՝ մարդկանց իրավունքների սահմանափակումներ և շատ ուրիշ բաներ: Մենք համապատասխան օրենքի նորմեր ենք ներկայացրել, որտեղ ասված է՝ ինչից է բաղկացած ռազմական դրությունը: Եվ մենք ցույց ենք տվել, որ մինչև մարտի 1-ն ընդհուպ ռազմական դրությանը բնորոշ բավականին շատ հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:

Մեղադրանքի մեջ այնպիսի ձևակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն… Մենք ասում ենք, որ առկա են տասնյակ և տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված են, որ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ: Մենք ասում ենք՝ չեն կարող մեղադրանքի մեջ ձևակերպումներ լինեն, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին: Նախքան այդպիսի ձևակերպումներ տալը պետք էր այդ դատավճիռների վերանայման խնդիր քննարկել»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումն է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկատարելը կամ այլ կերպ կասկածի տակ դնելը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և դրանով հակասում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին.

«Մենք ասում ենք՝ քանի դեռ այդ դատավճիռները կան, որևէ մարմին պետության անունից իրավունք չունի այդպիսի ձևակերպումներ անել, իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ, և ցուցարարները բոլորը եղել են անզեն»:

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև Հատուկ քննչական ծառայության կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները լրացնելուն՝ նշելով, որ իրավական որակումը չի փոխվել. «Ինչ հոդված մեղսագրվում էր, այդ հոդվածը մեղսագրվում է, ինչ գործողություններ մեղսագրվում էին, այդ նույնը մեղսագրվում են: Եթե ընդհանրական ասեմ, փոխվել է մեղադրանքի միջի բառերի քանակը»:

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ առանց ներպետական դատական ատյանները սպառելու՝ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատարանին ներկայացնելով անմեղության կանխավարկածի, արդյունավետ պաշտպանության խախտման խնդիրը. «Այս առումով մենք գտնում ենք, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց Հայաստանում չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս