Բաժիններ՝

ՊԵԿ-ի հրապարակումն արատավորել է ընկերության բարի համբավը  և կասկածի տակ դրել 150 մլն դոլար վարկի ճակատագիրը. «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

Նոյեմբերի 14-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրել էր առանձնապես խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ։ ՊԵԿ հայտարարության մեջ նշված էր, որ Հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։

Ընկերությունն ի պատասխան ՊԵԿ մեղադրանքների՝ հերքող հայտարարությամբ  հանդես եկավ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊԵԿ-ի հայտարարությանը, նշեց, որ այն անհիմն է, և նման բան չկա։

«Այդ ամենն անհիմն է, որովհետև ամռան ամիսները համեմատել են ձմռան ամիսների հետ, չի կարելի ամռան հետ կապված գործունեությունը համեմատել ձմռան հետ և այդ վերլուծությունների հիման վրա հաշվարկել մի քանի միլիարդների հասնող վնասներ հասկացողությունը։ Այն հիմնավորումները, որոնք բերել է ՊԵԿ-ը, բոլորիդ պարզ է, այն, ինչ դուք գիտեք, այդքանը էլ ես գիտեմ»,-ասաց Հ. Թադևոսյանը և ընդգծեց, որ լրագրողների հետ հանդիպման հրավիրել էին նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցների, որպեսզի բոլորին պարզ բացատրեին, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում, սակայն նրանք չեն եկել։

Կարդացեք նաև

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի խոսքով՝ ՊԵԿ-ի հրապարակումն արատավորել է ընկերության բարի համբավը,  հրապարակումը տեղ է գտել նաև ռուսական մամուլում, որի արդյունքում տեղի խոշոր բանկերից մեկը, որը պետք է «Գազպրոմ Արմենիային» 6,5 տոկոսով 150 մլն դոլար վարկ տրամադրեր, լուրջ անհանգստություններ է արտահայտել, և այժմ վարկի տրամադրումը դրվում է հարցականի տակ։

Ըստ Հրանտ Թադևոսյանի, գազասպառման ավելացում չգրանցելու հետևանքով ընկերությունը 2017 թվականին հունվարի 1-ից մինչև  այսօր կրել է շուրջ 13, 4 մլրդ դրամի վնաս։ Դրանով հանդերձ, ընկերության շուրջ 7000 աշխատակիցներ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության կողմից ստանում են լրացուցիչ 7,5 մլրդ աշխատավարձ, որը Հայաստանում օգտագործվում է՝ որպես ի նպաստ երկրի զարգացման։

«Գազպրոմ Արմենիան» հանդիսանում է գազաէներգետիկ համակարգի խոշոր ներդրող և 2012-2017 թվականներին իրականացրել է շուրջ 950 մլն դոլարի կապիտալ ներդրում։ Լինելով Հայաստանում առաջին խոշոր հարկ վճարողը՝ իրականացրել է տարեկան նվազագույնը 40 մլրդ դրամի հարկային վճարումներ, իր գործունեությունն իրականացրել է ՀՀ հարկային օրենսդրության համաձայն, որի շնորհիվ ՊԵԿ-ից պարբերաբար ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, վերջինը ստացել ենք այս տարվա սեպտեմբերին»,- տեղեկացրեց ընկերության տնօրենը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս