
Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում

Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) եւ ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հանգուցային հիմնախնդիրներից մեկն, անշուշտ, ռազմավարական կայունության խնդիրն է»,- ասել է նա՝ պատասխանելով ամսվա վերջին Արգենտինայում «քսանյակի» գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման հնարավոր թեմաների վերաբերյալ՝ լրագրողների հարցին: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ կլինի ՌՀՍ-III պայմանագրի հետ, ինչ կլինի ՄՓՀՀՊ-ի շրջանակներում, թե ինչպես այստեղ կզարգանան իրադարձությունները»,- պարզաբանել է Պուտինը:
«Կան նաեւ այլ հարցեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կզարգանան մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները»,- նշել է Պուտինը: «Կան հեռանկարային ուղղություններ, որոնց զարգացման հարցում շահագրգռված է ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ մենք»,- ընդգծել է նա: «Դե, վերջապես, «թեժ կետերը»՝ Սիրիան, հյուսիսկորեական միջուկային ծրագիրը, Իրանի հետ հարաբերությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում (ԳՀՀՊ). այս բոլոր հարցերի մեջ ներգրավված է ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը եւ, անտարակույս, մեզ անհրաժեշտ է բարձր մակարդակի եւ փորձագիտական մակարդակի երկխոսություն»,- հայտարարել է ՌԴ-ի նախագահը: