«Արդեն իսկ դերերը բաժանել են. մեկն ընդդիմություն է, մյուսը՝ իշխանություն: Մեկը դուխով է, մյուսն էլ, իբր, խելքով».  Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:

«Կարծում ենք, որ այս համակարգը քաղաքական մրցակցության հնարավորություն չի ընձեռելու, բացի այդ՝ սա նպաստելու է ավտորիտար համակարգի վերակենդանացմանը, թարմացմանը: Քաղաքական մեր դիրքորոշումն այս պարագայում հնարավոր չի լինելու հնչեցնել, քանի որ տեղի է ունենալու հայհոյախառն աղմուկ: Ծրագրային դրույթներն էլ չենք կարողանալու հասցնել քաղաքացիներին. չկան իրավական ու բարոյական պայմաններ: Ինչպես Երևանի ավագանու ընտրությունների դեպքում էր, հիմա էլ է լինելու  սև ու սպիտակի բաժանում: Արդեն իսկ դերերը բաժանել են. մեկն ընդդիմություն է, մյուսը՝ իշխանություն: Մեկը դուխով է, մյուսն էլ, իբր, խելքով: Երկուսն էլ նույն ավտորիտարիզմն են ներկայացնում: Հեղափոխություն իրականում տեղի չի ունեցել, սա մեծ կեղծիք է: Եղել է տեղափոխություն կամ իշխանափոխություն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ հայ ազգը կանգնած է մարտահրավերների առջև.

«Արցախահայությունը կրկին զրկված է ընտրելու և ընտրվելու իրավունքից, իսկ շուրջ 1 միլիոն ՀՀ քաղաքացի արտերկրում է գտնվում: Նրանք նույնպես ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունեն: Այժմ մոտ մեկ միլիոն ՀՀ աղքատ քաղաքացիների միջոցով պետք է ձևավորենք Ազգային ժողով: Կեղծիքով կազմված, անցկացված  Սահմանադրությունն էլ հնարավորություն չի տալիս մեր ազգի սերուցքին մասնակցություն ունենալ պետական կառավարման մեջ, երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ներկայացված ցուցակներում ոչ պրոֆեսիոնալ երիտասարդներ են: Նրանք կարո՞ղ են դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են:

Ցանկալի է, որ երիտասարդները ներգրավված լինեն պետական կառավարման մեջ, բայց ոչ բարձր պաշտոն գրավեն: Քաղաքականությունը պահանջում է սառը արյուն, ոչ թե տաք: Քաղաքականությունը պահանջում է սպիտակ մազ: Այս 6 ամիսների ընթացքում ոչ միայն կրկնվեց նախորդ իշխանության վարքագիծը, այլև ավելի վտանգավոր տիրույթ մղեց մեզ գործող իշխանությունը: Պետական բյուջեից 5-6 տոկոս գումարը դուրս են բերում ՀՀ-ից, տրամադրում անհայտ ֆոնդերի՝ 45 տարի ժամկետով: Այդ ֆոնդերը պատահական չէին ընտրվել Սերժ Սարգսյանի կողմից: Ունենք 7 միլիարդ դոլարի պարտք: Այս տարի 300 միլիոն դոլար է անհրաժեշտ պարտքի սպասարկման համար, հաջորդ տարի՝ 600:

Դրամի արժեզրկման արհեստական զսպումը նույնպես գումար է պահանջում, որը չունի այս կառավարությունը: Հիմա դրա դիմաց  պետք է գնան որոշակի գործարքների, որոնք ներառում են արցախյան հարցը, տարածքները: Այս ամիսների ընթացքում երեք շատ կարևոր կետերից նախիջևանյան սահմանում թշնամին մոտեցել է մեզ: Սա խոսում է այն մասին, որ գտնվում ենք վտանգավոր տիրույթում, և անհրաժեշտ է  ընդգրկուն քաղաքականություն»,- նշեց  «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը:

Զարուհի Փոստանջյանը չի հասկանում նաև, թե ինչո՞ւ է տապալված ՀՀԿ կուսակցությունը մասնակցում խորհրդարանական ընտրություններին:

«Այս կեղծիքի նպատակն է՝ թարմացնել ավտորիտարիզմի կյանքը: Չպետք է թույլ տանք, որ ՀՀԿ-ականները՝ այս արկածախնդիրներն ու դավաճանները, նորից ներգրավվեն քաղաքականության մեջ՝ սրբի դիմակով: Իբր թե տապալված ռեժիմն արդեն խելքով  հանդես է գալիս՝ որպես ընդդիմություն: Սա մեծ կեղծիք է, որին մասնակցում է նաև գործող իշխանությունը: Տեսնում ենք, որ շոուի մի մասն են նաև Մարտի 1-ի բացահայտման, ապօրինությունները հետապնդելու մասին հայտարարությունները»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս