«Հետագայում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դադարի իշխանություն լինել, գոյություն չի ունենալու». Դավիթ Շահնազարյան
«Ժամանակին, երբ դեռ Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) էիք, Դուք հայտարարել եք, որ ՀՀԿ-ն մեկ օր անգամ չի լինելու ընդդիմություն՝ քաղաքական բովանդակության իսպառ բացակայության պատճառով, և իշխանափոխությունից հետո պարզապես գոյություն չի ունենալու»՝ ի պատասխան armdaily.am-ի լրագրողի դիտարկման՝ 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, ով արտահերթ խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում 3-րդ տեղն է զբաղեցնում, նախ չժխտեց, որ դրանք իր խոսքերն են, բայցև նշեց, որ ՀՀԿ-ի հանդեպ միշտ քննադատական վերաբերմունք ունենալով՝ ինչ որ համարել է դրական, միշտ պաշտպանել է։
Նա, ի դեպ, հիշեցրեց, որ տարիներ առաջ ինքն է զգուշացրել, որ երկրում տիրող կոռուպցիայի ծավալները սպառնալիք են ազգային անվտանգությանը։
«Վերջին 6 ամսվա ընթացքում ՀՀԿ-ն արեց 2 քայլ, որոնք արժանի են հարգանքի։ Դրանց մասին ես հետո կխոսեմ, որովհետև դրանք սկզբունքային քայլեր էին։ Հիմա ՀՀԿ-ն, որ իր լավագույն օրերը չի ապրում, իշխող կուսակցությունից վերածվում է լուրջ քաղաքական կուսակցության։ ՀՀԿ-ին վարկաբեկող շատ գործիչներ, որոնց համար նա հաճախ պախարակվում էր, այսօր, այսպես կոչված, հեղափոխականների հետ են։ Բացի դրանից, ՀՀԿ-ն քաղաքական կազմի կորուստ չի ունեցել. սա փաստ է։ Ես այսօր Ձեր եթեր չեմ եկել, որ ընտրողներին խնդրեմ քվեարկել մեր օգտին, դրա համար առանձին եմ գալու, այսօր ես փաստերն եմ արձանագրում։ ՀՀԿ-ում այն քանակի հրապարակային քաղաքական գործիչներ կան, բազմաֆունկցիոնալ, ունիվերսալ, հասարակության մեջ հայտնի, որքան ոչ մի տեղ չկան»,- ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու իր մոտիվացիան ևս մեկ անգամ ներկայացրեց Դ. Շահնազարյանը։
Նա նաև խնդրեց հիշել և հետագայում իրեն էլ հիշեցնել, որ հետագայում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դադարի իշխանություն լինել, գոյություն չի ունենալու։
«Այսօր ՀՀԿ-ին միայն ծույլը չի քննադատում, բայց փաստն այն է, որ կա ՀՀԿ, և կան, այսպես կոչված, հեղափոխականներ։ Սա է իրավիճակը, և սա է լինելու մեր հասարակության այսօրվա ընտրությունը»,- եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։