Եվրախորհրդարանի պատգամավորները դժգոհ են Վրաստանի նախընտրական արշավից. վարչապետ
Եվրախորհրդարանականները դատապարտել են Վրաստանի նախընտրական արշավը, որն աչքի է ընկել ատելության դրսեւորումներով: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն:
Վրաստանում շուտով կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրություններում 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: «Վրաստանին աջակցություն հայտնելուն զուգահեռ, եվրախորհրդարանականներն ընտրարշավը որակել են ամոթալի, կեղտոտ եւ նախագահի կին թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին արատավորող: Միեւնույն ժամանակ եվրախորհրդարանականները, Վրաստանի երկրպագուները եւ մեր բարեկամները նախազգուշացրել են մեզ, որ Վրաստանի նախագահի պաշտոնում խորհրդային դիվանագետի ընտրելն անընդունելի է»,-ասել է Բախտաձեն:
Վաշաձեն՝ ներկայում «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամը, ԽՍՀՄ ԱԳ նախարարությունում աշխատել է 1981-88 թվականներին: Հենց Վաշաձեն եւ Զուրաբիշվիլին են մրցակցելու ընտրությունների երկրորդ փուլում:
«Ռեւանշիստների հաղթանակը կասկածի տակ է դնում այն ամենը, ինչը մենք համատեղ կարողացանք անել, եւ այն, ինչը Եվրախորհրդարանն այդքան դրական է գնահատում: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է սկզբունային ընտրություն կատարի ամբողջատիրական անցյալի եւ եվրոպական ապագայի միջեւ»,-ընդգծել է Բախտաձեն: Այն մասին, որ Զուրաբիշվիլիի վրա նվաստացուցիչ հարձակումներ են կատարվել, Եվրախորհրդարանում կայացած բանավեճերի ժամանակ հայտարարել է պատգամավոր Աննա Գոմեշը:
Մեկ այլ եվրախորհրդարանական՝ Ֆաբիո Կաստալդոն, նշել է ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչների կողմից քաղաքացիների եւ դիտորդական կազմակերպությունների վրա գործադրված ճնշումը: Վրաստանում ներկայիս նախընտրական արշավն աչքի է ընկնում նախկին եւ ներկայիս իշխող կուսակցությունների հարաբերություններում տիրող առանձնակի լարվածությամբ: Քաղաքական գործիչները մրցում են արեւմտամետությամբ եւ միմյանց մեղադրում Վրաստանում Ռուսաստանի շահերը պաշտպանելու մեջ:
Դրա հետ մեկտեղ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում է «Ազգային շարժումը», իշխանություններին մեղադրում է ընտրություններում վարչական ռեսուրսն օգտագործելու եւ ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի մեջ: Ընտրությունների առաջին փուլից հետո տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, որոնցից հետո քրեական գործ են հարուցել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների դեմ, հաղորդել է Sputnik-ը: