«Հնացած դեմքերով կամ հնացած կարգախոսներով այսօր մարդկանց այլևս գրավել հնարավոր չէ». քաղաքագետ

Լինել առավել ճկուն, ընտրազանգվածին ներկայացնել ավելի համոզիչ ծրագրեր, ներկայանալ նոր դեմքերով. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախկին մեթոդները, մոտեցումներն այս քարոզարշավի ընթացքում, կարծես թե, չեն աշխատելու: «Արմենպրես»ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը խոսել է առաջիկա արտահերթ ընտրություններից, մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումներից:

-Պարոն Քեռյան, քաղաքական ինչպիսի՞ պայմաններում են կուսակցությունները, դաշինքները մտնում պայքարի մեջ: Ի՞նչ մթնոլորտի, ինչպիսի՞ հնարավորությունների մասին կարող ենք խոսել:

-Քաղաքական մթնոլորտը բարենպաստ է, թե ոչ, կերևա քարոզարշավի ընթացքում: Առայժմ մի հուսադրող բան կա, որ Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես նաև այլ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ հնչած խոստումը, այն է՝ ընտրություններն իսկապես կանցնեն ազատ արդար և թափանցիկ, կարծես, իրականություն են դառնում: Իսկապես այդ ընտրությունները ցույց տվեցին, որ չկան զանգվածային մասշտաբի ընտրակեղծիքներ, չկա քաշքշուկ, ընտրակեղծարարություն, երևույթներ, որոնք տարիներ շարունակ մեզ անհանգստացնում էին: Դա բավականին ոգևորում է հուսադրում, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ևս կանցնեն նման հանգիստ մթնոլորտում առանց լուրջ ընտրախախտումների: Սա նոր ընտրական մշակույթի ձեռքբերման գործում կլինի մեր առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին:

Կան նաև մտահոգություններ, առաջինն այն է, որ կամա, թե ակամա, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ ունենք: Մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում առկա է զգալի մոնոպոլիզացիա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դոմինանտ դեր ունի: Իմ հաշվարկներով` ընտրազանգվածի 60-70 տոկոսը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետևից:

Մնացած կուսակցություններին դրսևորվելու քիչ տեղ է մնում: Իհարկե, մենք չենք կարող մեղադրել «Քաղաքացիական պայմանագրին», ի վերջո, դա օբյեկտիվ իրողություն է, այդուհանդերձ խնդիր տեսնում ենք: Նման պարագայում այլակարծությանը ծավալվելու քիչ տեղ է մնում:

-Քանի որ նոր իրողություն է, հասկանալի է, որ նախկին մեթոդները, մոտեցումները այս քարոզարշավի ընթացքում կարծես թե չեն աշխատելու: Քաղաքական պայքարի մեջ մտած կուսակցությունները մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն ունե՞ն:

-Այո, իհարկե, որովհետև հիմա պետք է լինել առավել ճկուն, ընտրազանգվածին ներկայացնել ավելի համոզիչ ծրագրեր: Պետք է ընտրազանգվածին ներկայանալ, շատ ավելի կարևոր է, նոր թարմացված դեմքերով: Նրանք, ովքեր հավակնություն ունեն մյուս 30 տոկոսի համար միմյանց միջև պայքար մղել, եթե նրանք գնացին հնացած դեմքերով, այն գործիչներով, որոնք 15-20 տարի շարունակ եղել են քաղաքական դաշտում, ապա դժվար թե լուրջ հաջողության հասնեն: Նրանցից հոգնած լինելը պատճառ դարձավ, որ մարդիկ գնացին «Քաղաքացիական պայմանագրի» կողմը: Այդպիսի հնացած դեմքերով կամ հնացած կարգախոսներով այսօր մարդկանց այլևս գրավել հնարավոր չէ:

Ցանկալի կլինի, երբ սկսվի քարոզարշավը մենք տեսնենք թարմ մտքեր, եթե այլընտրանք պետք է ներկայացնեն, ապա դա պետք է լինի առավել համոզիչ, եթե քննադատում են, ապա դա պետք է լինի հիմնավորված: Հակակոռուպցիոն պայքարի էյֆորիայի տակ մյուս քաղաքական կուսակցություններին դժվար կլինի «Քաղաքացիական պայմանագրին» հակադարձելը, որովհետև ՔՊ-ն բավական ճկուն, բավական գրագետ կարողանում է դիվիդենտներ ստանալ, հենց նախորդ իշխանությունների թերությունները աղաղակող թերությունները վերհանելով: Հետևաբար` պայքարի դուրս եկած քաղաքական ուժերը պետք է կարողանան հակադարձել բավական հիմնավոր փաստարկներով: Ընդ որում, այստեղ ես կարևորում եմ նաև, թե այդ փաստարկները ովքեր են ներկայացնում: Եթե ներկայացնում է մարդ, ով նախորդ իշխանությունների ժամանակ արդեն վարկաբեկված է, որքան էլ նրա խոսքը փաստարկված լինի, կարծես, տեղ չի հասնի: Մարդը նույնիսկ չի էլ լսում տվյալ անձնավորությանը: Բնականաբար քաղաքական կուսակցությունները, որոնք հավակնում են հայտնվել ԱԺ-ում 35-37 տեղ վերցնելու համար, նշանակում է պետք է  ներկայանան ոչ միայն թարմ գաղափարներով նաև նոր դեմքերով: Օրվա հրամայական կարելի է համարել թարմ դեմքերի սակավությունը:

-Պարոն Քեռյան, այս օրերին քաղաքական ուժեր են ստեղծվում, նոր կուսակցություններ են ի հայտ գալիս, վերամիավորումներ են տեղի ունենում: Ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում առողջացման միտում տեսնո՞ւմ եք:

 -Իհարկե, առողջացման միտում կա, որովհետև վարչակարգն է փոխվել, դա բավական էական է: Օրինակ, նախորդ վարչակարգի պայմաններում, երբ դաշտը մոնոպոլիզացված էր Հանրապետականի կողմից, այդ պարագայում քաղաքական կուսակցություն հիմնելը և քաղաքական գործընթացի մեջ ընդգրկվելը գրավիչ չէր, որովհետև հաղթելու կամ Ազգային ժողովում հայտնվելու շանսերն էին մինիմալ կամ անհնար: Հիմա, երբ վարչակարգը փոխվել է, քաղաքական դաշտ մուտք գործելը դարձել է գրավիչ, որովհետև հնարավորություն կա արդյունքի հասնելու: Այո, այդ առողջացման միտումը կա, դաշտը գրավիչ է դարձել կուսակցական ազատ գործունեության համար: Իհարկե, միտումը կա, սակայն այն կարող է ինչ-որ փուլում կանգ առնել կամ հաջողությամբ ավարտվել: Ժամանակը ցույց կտա: Երևանի ավագանու և Կապանի, Էջմիածնի ընտրություններն ամեն դեպքում հույսեր ներշնչում են:

Աննա Գզիրյան  

Տեսանյութեր

Լրահոս