Երևանում վթարից տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. վիրավորների վիճակը ծանր է
Նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցից դեպի 1-ին մաս տանող հատվածում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների մեկը մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1973 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Վ. Ծ., ծնված 1997 թ.) և «Opel Astra G Universal» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա., ծնված 1971 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ. Հ.-ն (ծնված 1998 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հ. Հ.-ն համապատասխան հետազոտություն անցնելով դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1951 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին Ս. Հ.-ն մահացել է, իսկ Ա. Ս.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Opel Astra G» և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարներն իրականացրել են նաև վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: