«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հնարավոր հաջորդ պատերազմին». Կորյուն Նահապետյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2019թ. Հայաստանի համար լինելու է բավականին պատասխանատու տարի՝ անվտանգային միջավայրի և ռազմաքաղաքական տեսակետից։
«Հայտնի է, որ կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ, և դրանց մի մասը վերաբերում է նաև մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը։ Բյուջետային քաղաքականությունը պետք է համահունչ լինի այն հիմնական մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնց առաջ կանգնած ենք, կամ որոնք կարող են առաջանալ տարվա ընթացքում։ 2019թ. բյուջեի նախագծով՝ պաշտպանության ոլորտի և ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են։ Պաշտպանության ոլորտի համար ավելացումը կազմում է 65 մլրդ դրամ, ՊՆ-ի համար նախատեսված բյուջետային հատկացումներն ավելացել են 30 մլրդ դրամով»։
Նահապետյանն ասաց, որ որքան էլ բյուջետային միջոցներն ավելացել են պաշտպանության ոլորտում, այնուամենայնիվ, քաղաքական գերակայության մաս կազմող բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, ըստ նրա՝ պահանջվում են ավելի շատ միջոցներ.
«Հնարավոր ռազմական գործողությունների սկսման արդյունքում հնարավոր են վերաբաշխումներ, վերապլանավորում, և, բնականաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հնարավոր հաջորդ պատերազմին, իսկ այդ պատրաստվածությունը մեզնից պահանջում է նաև բավարար բյուջետային հատկացումներ՝ այս ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու համար»։
Նա նշեց, որ պաշտպանության ոլորտին ավելացող հատկացումներն ավելացել են հետևյալ ծախսային ուղղություններով. «Առաջինը՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ձեռքբերումը, հիմնանորոգումն ու տեխնիկական սպասարկումն է։ Այստեղ ավելացումներն ուղղված են հրթիռահրետանային սպառազինության, ՀՕՊ և ռազմական կարիքների համար այլ միջոցներին։ ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկային համաձայնագրի շրջանակներում ավելանալու են մեր հրթիռային կարողությունները։ Ուշադրության կենտրոնում են պահվելու ԶՈՒ կառուցվածքի կատարելագործումը, ակտիվ պահեստազորային համակարգի գործնական ներդրումը։ Առաջնագծում զինվորական ծառայություն իրականացնողների դրամական, բնակարանային ապահովման և ռազմաբժշկական ոլորտների զարգացման որոշակի ծրագրեր են իրականացվելու»։