«Կողմերի ներկայիս լավատեսությունը կփոխվի ցանկացած պահի, երբ հստակ պատասխան լինի բանակցությունների ապագա տեսլականների վերաբերյալ». գերմանացի փորձագետ

«ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետության համար հարկավոր է, որպեսզի օպերատիվ կապն ամրապնդվի հավելյալ միջոցառումներով, քանի որ հակամարտող կողմերի ներկայիս կառուցողական դիրքորոշումը կարող է փոխվել ցանկացած պահի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսի դիտարկումներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մակրիսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:

Մակրիսը նշել է, որ Միացյալ Նահանգներին ոգևորել են երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները:

«Այս շփումներն ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Ուվե Հալբախի խոսքով՝ ԵԱՀԿ ամերիկացի ներկայացուցչի տեսակետը լիովին տեղավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հռետորաբանության մեջ։ Ըստ նրա` ինչպես համանախագահները, Մակրիսը ևս նշում է վերջին պայմանավորվածության մասին՝ չշեշտելով հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների և թվաքանակի ընդլայնման անհրաժեշտության մասին։ Սակայն, նրա խոսքով, բանակցային գործընթացի արդյունավետության համար հարկավոր է, որպեսզի օպերատիվ կապն ամրապնդվի հավելյալ միջոցառումներով, քանի որ հակամարտող կողմերի ներկայիս կառուցողական դիրքորոշումը կարող է փոխվել ցանկացած պահի՝ ի չիք դարձնելով օպերատիվ կապի պայմանավորվածությունը։

«Իրավիճակը պետք է ճիշտ հասկանալ։ Օպերատիվ կապը տվել է իր արդյունքները, քանի որ կողմերը ներկայումս ունեն դրական սպասումներ, ուստի հակված չեն սրել իրավիճակը շփման գծում։ Բայց կողմերի ներկայիս լավատեսությունը կփոխվի ցանկացած պահի, երբ հստակ պատասխան լինի բանակցությունների ապագա տեսլականների վերաբերյալ։ Ուստի հայկական կողմը, հաշվի առնելով հնարավոր վտանգները, պետք է օգտագործի ստեղծված դրական հանգրվանը անվտանգության հավելյալ միջոցառումներ շփման գծում նախաձեռնելու համար, այլապես հեշտությամբ կողմերը վերադառնալու են նախկին իրավիճակին շփման գծում և փակուղուն բանակցային գործընթացում։ Այս հեռանկարն է՛լ ավելի իրատեսական է դառնում, եթե դիտարկենք Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ դիրքորոշումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի կարծիքը»,-ասաց Ուվե Հալբախը։

Ըստ նրա` այդ անհրաժեշտությունը Հայաստանը կզգա արտահերթ ընտրություններից հետո, երբ պետք կլինի խոսել կարգավորման տարրերի մասին։ «Այդ փուլում ես կրկին կանխատեսում եմ բարդ իրավիճակ շփման գծում, որտեղ օպերատիվ կապը չի գործելու»,- ասաց Հալբախը։

Հալբախը նշեց, որ բանակցային գործընթացում ակտիվություն կսկսվի դեկտեմբերից հետո։ «Այդ ժամանակ կբացահայտվի ՀՀ նոր իշխանությունների բանակցային պոտենցիալը և ԼՂ հակամարտության կարգավորման իրական մտադրությունները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս