Բաժիններ՝

«Մեր մրցանակը դրված էր սեղանին, ուզում էինք վերցնել՝ մեր ձեռքից խլեցին». Ժիրայր Դադասյանը՝ մնջախաղի թատրոնի շենքի մասին

Դեռևս 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Ազգային գրապալատը միացվել էր Ազգային գրադարանին, իսկ գրապալատի տարածքը տրամադրվել  Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը վերակառուցվելուց հետո իր դռները հանդիսատեսի առջև պետք է բացեր 2019 թվականին։

Տարածքի խորհրդանշական բանալին ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը 2017 թվականի փետրվարին պաշտոնապես հանձնել էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, որը 20 տարի շարունակ բարձրացնում էր թատրոնի շենք չունենալու հարցը։

Այս ընթացքում շենքում տեղի են ունեցել վերակառուցման որոշակի աշխատանքներ, սակայն դրանք անհայտ պատճառներով դադարեցվել են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման շուրջ 168.am-ի զրուցեց Ժիրայր Դադասյանի հետ։

Կարդացեք նաև

– Պարոն Դադասյան ինչո՞ւ է դադարեցվել մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները։

– Անկեղծ, մինչ օրս  հստակ չեմ կարողանում հասկանալ, թե որն է պատճառը։ Իշխանափոխությունից հետո ասել են, որ այդ շենքը հուշարձան է: Լավ, սա հասկացանք, ենթադրենք, որ այն հուշարձան է,  բայց հուշարձանների ցանկում չկա, հուշարձանում չի կարո՞ղ  թատրոն լինել, իսկ հնարավո՞ր է՝ Մշակույթի նախարությունն ինչ-որ լուծումներ առաջարկի, հանդիսատեսին մուտք տա։ Ես համաձայնել եմ ցանկացած տարբերակի, միայն թե այդ շենքը շուտ լինի, ինձ համար միևնույն է, թե ինչպիսի մուտք կլինի, այդ հուշարձանը կպահպանվի՞ այդ տեսքով, թե՞ կփոխվի և ավելի սիրուն կդառնա՝ չգիտեմ, ինձ համար կարևոր է, որ հանդիսատեսը հասնի դահլիճ և ներկայացումները նայի, սա է խնդիրը։

Հիմա իրենք ուզո՞ւմ են այս խնդիրը լուծել, թե՞ ոչ՝ չգիտեմ, պարզվեց, որ՝ չէ։ Որովհետև մի տեղ կարդացի, որ մշակույթի նախարարն ասել էր, թե նպատակահարմար չեն գտնում։
2019 թվականի մայիսի 18-ին լրանում է մեր թատրոնի 45-ամյակը, եթե շենքը մինչև այդ պատրաստ լիներ՝ կլիներ շատ մեծ նվեր մեր թատրոնի համար, որն այս տարիների ընթացքում տառապեց, դեգերեց և, ի վերջո, իր վաստակած տարածքը, թատրոնի շենքը պետք է ունենար: Սակայն տեղի ունեցավ նման բան։

Այդ տարածքը մերն է, կա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, որ բյուջեից պետք է տրվի 260 մլն դրամ, որպեսզի վերակառուցվի մնջախաղի թատրոնի շենքը, որն այսքան տարիներ ապացուցեց իր կարևորությունը։ Չգիտեմ, որևէ թատրոն կարո՞ղ էր այսքան գոյատևել, միջանցքներում աշխատելով և մեծ ծրագրեր անելով՝ լինելով ժանրային եզակի տեսակ։ Այժմ, երբ հետ ենք նայում, կարծում եմ, որ իսկապես հերոսություն է՝ 20 տարի գնալ այս պայքարի միջով։

Այս պայքարը հասել էր իր տրամաբանական ավարտին, և դա մեր հաղթանակն էր, մեր մրցանակը դրված էր սեղանին, ուզում էինք վերցնել՝ մեր ձեռքից խլեցին։ Այդ տարածքն այսօր թատրոնի սեփականությունն է համարվում, քանի որ արդեն ունենք սեփականության վկայական։ ՀՀ նախկին կառավարության որոշմամբ՝ տարածքն անհատույց հատկացվել է թատրոնին։

– Մինչև այժմ շենքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

– Շենքում նախագծային հսկայական աշխատանք է կատարվել, ուսումնասիրել ենք սեյսմակայուն վիճակը, սեյմսոլոգների հետ նկուղային հարկից սկսած ուսումնասիրել ենք, քանի որ ինձ համար շատ կարևոր էր սեյսմիկ վիճակը, որովհետև հանդիսատես է լինելու շենքում։ Այդ նախագծում ներկայացված է նաև շենքի ամրությունը,  հսկայական ծավալի աշխատանք է տարվել։ Մոտ 7-8 ամիս նախագիծ է արվել, թե նախագծի արտաքին տեսքն ինչպիսի՞ն պետք է լիներ, ինձ քիչ էր հետաքրքրում։ Մեզ ճոխ բաներ պետք չեն, ընդհանրապես թատրոնին դա վնաս է նույնիսկ, վիկտորիանական դարաշրջանը վաղուց անցել է։

Թատրոնն ավելի զուսպ պետք է լինի, պետք է լինեն բեմական ճոխ հնարավորություններ։ Մեզանում բոլորին թվում է, թե թատրոնը դա դահլիճն է, բայց այդպես չէ, մենք կարող ենք նույնիսկ ունենալ փայտից նստարաններ, եթե բեմում լավ բան են ցուցադրում, այդպես էլ հանդիսատեսը կնայի։ Այստեղ խնդիրն այլ է, մեր պահանջը կամ խնդրանքն այն էր, որ մեզ աշխատելու համար պայման տան, որովհետև մենք այսքան դիմացել ենք, մեր փոխարեն՝ այլ թատրոն չէր կարող դիմանալ՝ առանց շենքի հասցե ունենալու։

Ախր այդպես չի լինում. մեր հիմնական հանդիսատեսը ձևավորվել է այն ժամանակ, երբ մենք Գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում էինք, և տարածքը 7 տարի մերն էր, մենք  ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին ներկայացումներ էինք խաղում էին:

– Այդ շենքի փոխարեն՝ Մշակույթի նախարարությունը Ձեզ ի՞նչ է առաջարկում։

– Մեզ ասել են, որ կնայեն և այլ տարբերակ կառաջարկեն։ Այս ընթացքում մեզ առաջարկել են համատեղությամբ պարարվեստի ուսումնարանի դահլիճը, որն անմխիթար վիճակում է, ձայնային, լուսային և բեմական խնդիրներ կան։ Եթե համատեղությամբ պետք է լինի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ենք, որը վարձակալում ենք շաբաթը մեկ օր, երեք ժամով։ Ուզում եմ հասկանալ՝ Մշակույթի նախարարությունը հասկանո՞ւմ է այս խնդիրը լուծելու եղանակը, թե՞ ոչ։

Մեզ պետք չէ համատեղության հարց լուծել, անհրաժեշտ է լուծել մեր հարցը, մենք ունենք տարածք, նախագիծ, և դա պետք է վերակառուցվի։ Կամ, եթե սա չեն անում, թող առաջարկեն այլ բան, բայց դեռևս նման առաջարկ չի եղել։ Հետո էլ ինձ ասում են, թե ո՞վ է տեսել՝ թատրոնը երրորդ հարկում լինի: Եղբայր, քաղաքի կենտրոնում առաջին հարկերը թափա՞ծ են։

Անգիր գիտեմ Երևանի բոլոր շենքերը, քանի որ բազմաթիվ տարբերակներ ենք դիտարկել, բոլոր տարածքները մի քանի անգամ վաճառված և վերավաճառված են, հսկայական թվեր են, այսինքն՝ նման տարբերակ կա, մենք չե՞նք ուզում: Թող լինի, մենք միայն ուրախ կլինենք, այդ դեպքում այդ տարածքը հետ կտանք, միայն թե մեզ նորմալ մի տարածք տան։

– Երկար տարիներ պայքարեցիք, որ այդ շենքը ձեռք բերեք, կրկին երկար տարինե՞ր են անհրաժեշտ շենքում ներկայացումներ տալու համար։

– Չեմ կարծում, որ սա նորմալ է. նորմալ չէ։ Կրկնում եմ՝ մենք ավարտել էինք մեր գործը, հասել էինք և ցանկանում էինք վերցնել մեր մրցանակը, բայց խլեցին, ուզում ենք պատճառն իմանալ: Մենք հիմա պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Մեր թատրոնը տարեկան 5-6 միջազգային թատերական փառատոների է մասնակցում, ընդ որում՝ խոսող թատրոնների հետ, որտեղ արժանանում է «Գրան Պրիի» կամ հատուկ մրցանակի։ Օրինակ, այս տարի արդեն ունենք երեք մրցանակ, իսկ դեկտեմբերին պատրաստվում ենք մեկնել Մոսկվա։

– ՀՀ  վարչապետի և մշակույթի նախարարի պաշտոնակատարներն իրենց ընտրվելուց շաբաթներ անց հանդիպեցին մշակույթի գործիչների հետ, Դուք այդ հանդիպումներին մասնակցե՞լ ենք, բարձրաձայնե՞լ եք շենքի հարցը։

– Իհարկե, չեմ մասնակցել, հանդիպման նման ձևաչափ գոյություն չունի, դա ի՞նչ հանդիպում էր, տեսե՞լ եք հանդիպումը, դա խայտառակությո՞ւն չէր։ Շատ լավ հասկանում եմ, թե ինչու է նման հանդիպում կազմակերպվել, ես պատրաստ չեմ ընդառաջ գնալու այդ տեսակ բաների, եթե կանխավ գիտեմ արդյունքը, ի՞նչ իմաստ ունի գնալ և մասնակցել այդ կրկեսին։

Հանդիպումների նման ձևաչափով հարցեր չեն լուծում, նման բան լինում էր նաև նախկին իշխանությունների ժամանակ, եղել է ժամանակ, որ մասնակցել եմ, և անկեղծ, իմ թատրոնի համար եղել է օգտակար։ 2016 թվականին Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ուղղակի մոտեցա և նախագահի հետ խոսեցի թատրոնի շենքի խնդրի մասին, նա խոստացավ, որ ամեն ինչ կանի, և արեց, որպեսզի շենքը լինի։

– Ձեր կարծիքով՝ սա ինչի՞ հետևանք է, անուշադրությա՞ն, թատրոնը չկարևորելո՞ւ, թե՞ այլ խնդիր կա։

– Կողմնակից կլինեմ, եթե այն մարդիկ, որոնք կոչվում են իշխանություն, հստակեցնեն իրենց ծրագրերը և անելիքները։ Եթե պետք է, ուրեմն՝ պետք է, եթե չէ, ուրեմն՝ չէ, բայց մուկն ու կատու խաղալ պետք չէ։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ մշակութային քաղաքականության հստակ կոնցեպտ, որը գիծ է, և այդ գծով մենք գնալու ենք։

Օրինակ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասում էր՝ կապիտալիզացիա, սա ընդունելու կամ չընդունելու հարց էր, բայց փորձում էինք այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծել, դա նախկին իշխանությունների քաղաքականությունն էր մշակույթի դաշտում, օրինակ, «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակներում տասնյակ գյուղերում ենք հանդես եկել: Բայց  այս տարի ոչ մի գյուղում ելույթ չենք ունեցել, Մշակույթի նախաարությունը մեզ հետ աշխատում էր, ասում էր՝ քանի գյուղում ելույթ ունենանք, որից հետո ներկայացնեինք հաշվետվություն։

Այն ժամանակ մենք հստակ գիտեինք՝ ինչ անենք, այժմ հստակություն չկա, որովհետև պարզ չէ, թե մարդիկ ինչ քաղաքականություն ունեն, չգիտենք՝ մեզ թատրոններ պե՞տք են, թե՞ ոչ։

Մի քանի անգամ լսել եմ, որ մեզ այսքան թատրոն պետք չէ, եթե այնտեղ մարդ չի գնում, ուրեմն՝ պետք է փակեն, և այլն։ Սա ընդհանրապես խոսակցություն չէ, ի՞նչ է նշանակում, եթե մարդ չի գնում թատրոն, ուրեմն պետք է փակեն: Իսկ եթե նայենք հակառակ կողմի՞ց, երբ ոչինչ չեն անում, որ մարդիկ հաճախեն թատրոն։

Կամ՝ այս աբոնեմենտային հասկացողությունը, այսինքն, ինչպե՞ս պետք է դպրոցական երեխան որոշի, թե ինքը որ թատրոն պետք է գնա: Չի կարելի թույլ տալ, որ երեխան որոշի այն, ինչ վերաբերում է մշակութային դաստիարակությանը։ Մեկ անգամ դեռահասներին հարցրեք, թե ինչ ֆիլմ են ցանկանում դիտել։ Դե եկեք այսպես բարձիթողի վիճակում թողնենք, և երեխաները որոշեն, թե որտեղ ու ինչ նայեն։ Ոչ, պետք է լինի հստակ ծրագիր, երբ երեխաներին ավտոբուսներով կբերեն թատրոն։

– Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի թատրոնի շենքի հարցը։

– Եթե այդ նախագիծն այդքան վատն է, թող օգնեն, որպեսզի  դարձնենք ավելի հարմարավետ, և թող վերակառուցեն մեր թատրոնը։ Մենք այժմ փորձում ենք դիմակայել, փորձում ենք հասկանալ, թե մեր վերջն ինչ է լինելու։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս