Մշակույթի նախարարությունը շարունակում է Մնջախաղի պետական թատրոնի համար շենքի փնտրտուքները
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ Մնջախաղի պետական թատրոնի համար շենքի փնտրտուքների հետ կապված աշխատանքները շարունակվում են:
Մակունցն ասաց, որ շաբաթական կտրվածքով իրեն հաշվետվություն է ներկայացվում կատարված աշխատանքների հետ կապված:
«Ինձ ներկայացնում են, թե ինչ աշխատանքներ են կատարվում, որպեսզի Մնջախաղի թատրոնը ունենա նոր կառույց: Մինչ այժմ ներկայացված բոլոր տարբերակների հետ կապված ընդհանուր համաձայնություն չի եղել:
Մշակույթի նախարարությունը կարող է տրամադրել հասցեներ, թե, օրինակ, որ կառույցների հետ կապված է առաջարկ ներկայացվել»,- նշեց նա:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ որևէ պահին աշխատանքներն այդ ուղղությամբ չեն դադարել: «Մնջախաղի թատրոնը շարունակում է իր գործունեությունը նշված վայրում և կարող է շարունակել, որքան նախատեսված է պայմանագրով»,- հավելեց Մակունցը:
Մնջախաղի պետական թատրոնը մինչ օրս սեփական շենք չունի եւ վարձակալության հիմունքներով շարունակում է գործել ու բեմադրություններ ներկայացնել Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: