Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային: Շնորհավորելով Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուռիոլաբեիտիան հույս է հայտնել, որ հատկապես մշակույթի և տնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև մայրաքաղաքների մակարդակում:
Որպես ջերմ հարաբերությունների գրավական՝ դեսպանը շեշտել է ակտիվ հայ համայնքի ներկայությունը Արգենտինայում: Գոնզալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ մայրաքաղաք Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ բնակավայերում ավելի քան 40 հուշարձան կա, որոնք առնչվում են Հայաստանին և հայ ժողովրդին: Այս համատեքստում նա կարևորել է դեռևս անցած տարի Երևանի ավագանու ընդունած որոշումով կառուցապատվող Արգենտինայի հրապարակը՝ որպես երկրների հարաբերությունների մակարդակի արտացոլում:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ Երևանում Արգենտինայի և արգենտինացիների նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, իսկ արգենտինյան որոշ ապրանքներ, մասնավորապես գինիները բավական լավ պահանջարկ ունեն երևանյան սպառողների շրջանում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արգենտինայի հրապարակի պատշաճ կառուցապատմանը:
Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատել է, որ հրապարակի կառուցապատմանը կարելի է ներգրավել նաև արգենտինացի մասնագետների, մասնավորապես երիտասարդ ճարտարապետների՝ դրանով նաև նպաստելով այդ ոլորտում երկու երկրների շփումների խորացմանը:
Գոնզալո Ուռիոլաբեիտիան քաղաքապետ Հայկ Մարությանին հրավիրել է ներկա լինել Հայաստանում արգենտինյան ֆիլմերի փառատոնին: