«Նիկոլ Փաշինյանը բռնել էր աքիլեսյան գարշապարից, բայց կիսատ թողեց». Հրաչ Բերբերյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում անդրադարձել էր հայկական կոնյակի խնդրին՝ նշելով, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ։
«Ներկրում են սպիրտ այլ տեղերից, և որպեսզի դա ներկայացվի՝ որպես հայկական կոնյակ, ներկայացնում են խաղողի կեղծ մթերումներ, որ իբր այդ գործարանն այդքան խաղող է մթերել և այդքան կոնյակ է ստացել»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է աքիլեսյան գարշապարից, դրա համար խաղողի մթերումները կրկնակի պակասել են.
«Հստակ երևաց, որ սպիրտ-հումք խաղը չեն կարողանա խաղալ։ Վարչապետի այդ քայլը ողջունում ենք, բայց դա կիսատ էր։ Համենայնդեպս, դրա շարունակությունն էլ պետք է լիներ։ Բնագավառը փորձեցին կարգի բերել, բայց կիսատ թողեցին»։
Բերբերյանն անդրադարձավ նաև այլ խնդրի։ «Մեր ունեցած տվյալներով՝ մոտ 2 հազար տոննա ձմերուկ է ներկրվել Հայաստան»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը՝ հայկական ձմերուկի որակի հետ կապված՝ այս տարի բողոքներ կային, Բերբերյանն այսպես արձագանքեց. «Վատ են մշակում, Գյուղատնտեսության նախարարությունը չի հետևում բուժանյութերի ներկրումներին։ Քաոս վիճակ է։ Այս տարի շոգն էլ իր դերը կատարեց, և մենք բերքի կորուստ ունեցանք, բայց այդ կորուստը կարող էր լինել 10 տոկոսով, ոչ թե ցանքատարածությունները պակասեին 20 տոկոսով։ Գինեկոլոգներն են զբաղվում գյուղատնտեսությամբ, ես հարգում եմ գինեկոլոգներին, բայց ի՞նչ գործ ունեն նրանք մեր բնագավառում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում