Բաժիններ՝

Շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգով բացվեց «Երևան ջազ ֆեստ 2018-ը»

Տասը «Գրեմմիի» արժանացած լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համերգային ծրագրով նոյեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Երևան ջազ ֆեստ 2018-ը»:

Նվագախմբի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ այս տարի փառատոնը նվիրված է նվագախմբի հիմնադիր նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Համերգային ծրագրում հնչեցին ստեղծագործություններ, որոնք Սանդովալը կատարում է մեծ նվագախմբերի հետ: Շեփորից բացի, նա նաև դաշնամուր նվագեց: Սանդովալին անակնկալ մատուցեց ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, որը բեմ բարձրացավ և նրա հետ միասին նվագեց:

«Ձեր երկրի մասին շատ բան չգիտեմ, բայց ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Վաղուց էի ուզում գալ Հայաստան: Այն փոքր երկիր է, բայց մարդիկ այստեղ մեծ սիրտ ունեն»,- նշեց Արթուրո Սանդովալը:

Այս տարի «Երևան ջազ ֆեստը» ընդլայնել է աշխարհագրությունը՝ համերգներ ծրագրելով նաև Շուշիում ու Գյումրիում: Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Շուշիում կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյանի քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի մասնակցությամբ համերգային ծրագիր կանցկացվի:

Փառատոնի շրջանակում մեծ և հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ-նվագախմբին ու բոլոր երաժշտասերներին: Նոյեմբերի 20-ին փառատոնի փակման գալա-համերգին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգան Հայաստանի պետական ջազ-նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ-նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

«Երևան ջազ ֆեստ»-ն անցկացվում է նոյեմբերի 7-20-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի, «Մեցցո պրոդաքշն»-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս