«Կերել-խմել եմ, էլ բան ու գործ չունե՞մ, 7-8 օր մնացել եմ էնտեղ, գործերս թողած՝ մնացել եմ այնտեղ». Վալերի Օսիպյանը՝ Պավլիկ Մանուկյանին

«Յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը, մենք կորցրել ենք ընկերներ, մենք կորցրել ենք մեր լավագույններին, և այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի: Ես կողմ եմ այդ կարծիքին, այո, պետք է իմ և մյուսների, ով պատանդ է եղել, կարծիքը հաշվի առնվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով համաներմանը և «Սասնա ծռեր» զինված խմբավորմանն ազատ արձակելու խնդրին:

Նա պնդեց իր դիրքորոշումը, որ տվել էր 2016թ. հայտնի իրադարձություններից հետո նախաքննության ցուցմունքներում՝ դեմ արտահայտվելով, որ համաներումը տարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա:

Դիտարկմանը, որ Պավլիկ Մանուկյանն ասել է, թե Օսիպյանը պատանդ չի եղել, մեկ շաբաթ կերել-խմել է իրենց հետ, Օսիպյանն արձագանքեց. «Կերել-խմել եմ, էլ բան ու գործ չունե՞մ, 7-8 օր մնացել եմ էնտեղ, գործերս թողած՝ մնացել եմ այնտեղ»:

Ըստ Պավլիկ Մանուկյանի՝ պատանդն անմիջապես աշխատանքի չէր կարող անցնել, ինչին ի պատասխան՝ Վ. Օսիպյանը հակադարձեց՝ «Ես ուժեղ սպա եմ»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ համաներման հարցը քննարկվել է կառավարության դռնփակ նիստի ժամանակ, ինքն իր կարծիքը հայտնել է, և այժմ բավարարված է համաներման տեքստով:

Մտավախությանը, որ համաներման արդյունքում երկրում հանցագործությունների թիվը կաճի, քանի որ համաներման շահառու է դառնում շուրջ 6500 անձ, Օսիպյանը պատասխանեց՝ միանշանակ, ռիսկեր կան, չի բացառվում, որ ունենանք կրկնահանցագործություններ. «Չեմ բացառում, որ շատերն ուղղվել են, բայց նաև չի բացառվում, որ կլինեն կրկնահանցագործություններ: Մենք արդեն դրա մոտեցումն ու փորձն ունենք, մեր պարտականությունն է կանխարգելման աշխատանքները, մենք կիրականացնենք այդ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս