Արայիկ Հարությունյանը՝ տնօրենի հավաստագրերի մրցույթի շուրջ ծագած սկանդալի մասին
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տնօրենի հավաստագրերի մրցույթի շուրջ ծագած սկանդալը:
«Կոնկրետ այդ հարցի հետ կպաված այս պահին բան չեմ ասի, բայց երբեմն բողոքները տարբեր կենտրոններից որ գալիս են, էնպիսի տպավորություն է, որ մարդիկ, այո, ցանկացել են փոփոխություններ, բայց եթե այդ փոփոխությունները վերաբերում են իրենց հարազատներին կամ մտերիմներին, այդ փոփոխություններն իրենց պետք չեն»,- ասաց Ա.Հարությունյանը:
Հարցին՝ ո՞վ է ճիշտ և ո՞վ սխալ, նա պատասխանեց. «Ճիշտն ու սխալը կիմանաք»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին մեղադրել էր ս/թ հոկտեմբերի 17-ին տնօրենի հավաստագրի համար անցկացված մրցույթն ըստ էության տապալելու, անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, հավակնորդներին բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելու ու, ըստ այդմ՝ նրանց ցուցաբերած արդյունքների վրա ազդելու մեջ։