«Վարչապետի օգնականները կա՛մ չեն ցանկանում նրան իրական պատկերը ներկայացնել, կա՛մ իրենք էլ տեղյակ չեն». Հրաչ Բերբերյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանում հեկտարներով ստվերային այգիներ կան, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում, և ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլանավորում են ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջուրը, որն ըստ հաշվարկների՝ պետք է բավականացներ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ոռոգման ջուրը հենց այդ պատճառով չի բավականացնում, թե՞ այլ խնդիրներ կան։
«Նախ՝ ստվերային այգիներ չեն կարող լինել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կարող են իրենց սեփական այգիները ոռոգել՝ առանց պայմանագրային հարաբերությունների։ Վարչապետի օգնականները կամ չեն ցանկանում իրական պատկերը ներկայացնել վարչապետին, կամ իրենք էլ տեղյակ չեն։ Այո, ունենք դեպքեր, երբ գյուղապետի հողերն են անվճար ոռոգվում, հիմնականում ՋՕ աշխատողներն են դրանից օգտվում, որովհետև գրեթե բոլոր ՋՕ աշխատողները սեփական հողեր ունեն։ Մի թեթև ուսումնասիրություն է պետք անել, որպեսզի անվանացանկը տպվի»,- ի պատասխան՝ ասաց Բերբերյանը՝ ընդգծելով, որ ջրի կորստի հիմնական պատճառը, սակայն, հէկ-երն են, որոնք կառուցվել են ջրամբարների համակարգի վրա։
«Դա անթույլատրելի է։ Համառորեն չեն ուզում քանդել այդ հէկ-երը, բայց մենք ունենք մշակած մեխանիզմ, այս տարի կդիմենք համայնքներին, և այն համայնքները, ովքեր գտնում են, որ իրենց ջրամբարների ջուրը հէկ-ը տարել է, թող քանդեն այդ հէկ-երը կամ կասեցնեն դրանց աշխատանքը։ Պետությունը չի ցանկանում այդ հէկ-երի հարցը լուծել՝ պատճառաբանելով, որ դրանք գերմանական վարկով են ստեղծված, թող չստեղծեին»,- ասաց նա։
168.am-ի դիտարկմանը՝ նույն օրը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հէկ-երի խնդրին, Բերբերյանն այսպես արձագանեք. «Գիտեմ. 150 հէկ-ում խախտումներ են գտել, բայց ի՞նչ են արել, ոչինչ։ Այդ հէկ-երն ավելի ջուր են օգտագործել, նորմատիվից անցել են։ Հէկ-եր կան, որ անմիջապես ջրամբարների վրա են նստած։ Օրինակ՝ Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար 3-5 հէկ կա, որից երկուսը գեներալներինն է, մեկը Մանվելինն է, մյուսը՝ գողական աշխարհից ինչ-որ հանցագործի է։ Արփա լճից ջուրը դուրս է գալիս՝ գնում Ախուրյանի ջրամբար, որտեղից էլ 50 տոկոսը թուրքերը տանում են»։
Հիշեցնենք, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել էր ՝ հէկ-երը չարաշահման մի հսկա տիրույթ են։ «Մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկ-երից 150-ում, և նրանց 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէր։ Օրենքի կոնկրետ պահանջ է, որ փոքր հէկ-երը պետք է ունենան ջրաչափ, բայց 95 տոկոսում չկար։ Սա խայտառակ երևույթ է։ Ավելին, այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին»,- ընդգծել էր վարչապետի պաշտոնակատարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում