«Ամերիկան ցանկանում էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը…, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը». Ռոուհանի
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ամերիկան ցանկանում էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը…, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,- նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:
Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: