Գիտնականներն ապացուցել են երիտասարդ արյան օգուտը ծերացման դեմ պայքարում
Չինացի գիտնականները՝ Հուաչժունի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանից, պարզել են, որ երիտասարդ արյան պլազմայի փոխներարկումը նպաստում է լյարդի երիտասարդացմանն ու դրա վերականգնմանն իշեմիա-ռեպերֆուզիայից հետո: Այդ վիճակն առաջանում է դեպի օրգան արյան հոսքի դադարելու դեպքում եւ վտանգավոր է տարեց հիվանդների համար:
Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում: Գիտափորձի ընթացքում հետազոտողներն օգտագործել են երեք խումբ առնետներ: Առաջինում կենդանիներին երիտասարդ արյան պլազմայի ներարկումներ են կատարել, իսկ երկրորդն ստացել է ծեր կրծողների արյան պլազմա: Երրորդ խումբը ծառայել է ստուգման համար, այսինքն՝ գիտականները ոչ մի կարգի միջամտություն չեն կատարել: Այնուհետեւ կրծողները ենթարկվել են արհեստականորեն առաջացած իշեմիա-ռեպերֆուզիայի:
Պարզվել է, որ առաջին խմբի կենդանիների մոտ վնասվածքից հետո լյարդը վերականգնվել է շատ ավելի արագ: Գիտնականների խոսքով՝ արդյունքներն առաջին անգամ պարզորոշ հաստատում են արյան պլազմայի փոխներարկման թերապեւտիկ եւ երիտասարդացնող արդյունքը: Նման բուժընթացը կարող է օգտակար լինել նաեւ մարդկանց համար, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որոնք հաստատեն պլազմայի բարերար ազդեցությունն արյան շրջանառության խանգարում ունեցող տարեց հիվանդների լյարդի վրա: