Աստծուն մոտ գտնվելու լավագույն տարբերակը
Աստվածաշունչ կարդալը, իմանալը շատ կարևոր է ցանկացած քրիստոնյայի համար:
Այսօր Աստվածաշունչ կարդալու և հասկանալու խնդիր ունենք. կարդում ենք, շատ հաճախ չհասկանալով Սուրբ Գրքի տեքստերը, և այդ ամենը սերտելու, ընկալելու համար դիմում ենք հոգևորականների օգնությանը:
Հովհան Ոսկեբերանին Աստծո խոսքը մեկնաբանելու համար անվանեցին Ոսկեբերան: Նա եկեղեցու այն հայրերից է, ով Սուրբ Գրքի մեկնությանը շատ համակողմանի անդրադարձավ:
Նա տվել է մեր այս բոլոր հարցերի պատասխանները Սուրբ Գրքի մեկնությունների իր երկերում, որոնք անփոխարինելի են ու մինչ օրս չեն կորցրել արդիականությունը: Այդ ամենն իրեն տրվել է Սուրբ Հոգու շնորհներով, ինչպես նաև՝ ստացած գիտելիքների և իր ջերմեռանդ հավատքի ու աշխատասիրության շնորհիվ:
Սուրբ Գրքի մեկնություններով ու դրանց բացատրություններով չի սահմանափակվել սրբի կյանքը: Աստծո խոսքը հասկանալը ենթադրում է նաև խոսել Աստծո հետ: Հովհան Ոսկեբերանը հեղինակ է նաև բազմաթիվ աղոթքների, որոնք իրենց գեղեցկությամբ, շքեղությամբ առանձնանում են և այսօր էլ ընթերցվում են բոլոր եկեղեցիներում տարբեր առիթների, տոների, պատարագների ժամանակ:
Մարդիկ աղոթում են այն ժամանակ, երբ կարդում են Սուրբ Գիրքը: Ըստ քրիստոնեական մոտեցման՝ երբ մարդ Սուրբ Գիրք է կարդում, Աստված է նրա հետ խոսում, իսկ երբ մարդն է աղոթք անում, նա է Աստծո հետ խոսում:
Նախքան Աստծո հետ խոսելը՝ լսենք Աստծուն, կարդանք Սուրբ Գիրքը: Հովհան Ոսկեբերանի օրինակը կարևոր է յուրաքանչյուրիս համար՝ Տիրոջ խոսքը հասկանալու և մեր հոգևոր ցանկությունները Աստծուն ներկայացնելու ճանապարհին:
Լիլիանա Օսիպյան