Բաժիններ՝

Բնակարանամուտի ուրախությունն ապրել է ևս մեկ ընտանիք. կիսավեր տարածքը լքված է

Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաև Սերոբյանների ընտանիքը:

Կիսավեր տարածքը, որում առանց ամուսնու երեխաներ է մեծացրել երիտասարդ տանտիրուհին՝ Վալյան, տարիներ առաջ գուցե լիարժեք տուն է եղել: Առանց տղամարդու հոգատար ձեռքերի մնացած հին տան պատերն ու տանիքը, սակայն, օրեցօր խարխլվել են: Խոհանոցը վերածվել է խորդանոցի, ննջասենյակը կահավորվել է անձրևոտ ու ձնառատ եղանակին առաստաղից կաթոցը հաշվի առնելով:

Երիտասարդ մայրն իր զավակների հետ երկար ու ծանր փորձությունների ճանապարհով է անցել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը մնացել է արտերկրում, իսկ ընտանիքի բեռը՝ Վալյայի ուսերին: Բարի մարդկանց կողմից անհատույց, սակայն ժամանակավոր տրամադրված տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես հնարավոր միակ կացարան: Օրվա մեծ մասն աշխատող կինը շարունակաբար ջանքեր է գործադրել փլուզման վտանգ ներկայացնող այգու ծածկը, խոնավությունից բորբոսնած սենյակի պատերն ու հերթական ձմեռը հաղթահարելու միտքը:

«Երբ ամուսինս աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնեց, հույս կար, որ մի օր հաջողած կվերադառնա, ու մեր բնակարանի խնդիրն էլ կլուծվի: Շուտով, սակայն, մարեց ոչ միայն տուն ունենալու, այլև նրա վերադարձի հույսը: Հասկացա, որ մենակ եմ մեծացնելու զավակներիս և պետք է արժանապատիվ անեմ դա: Ցավոք, ինչքան էլ ջանասիրաբար էի աշխատում, տուն ունենալու նպատակն անհասանելի երազանք էր մնում»,- ասել է Վալյան:

Առանց բնակարանի և օգնող ձեռքի մնացած երիտասարդ կինը մի քանի տեղ է աշխատել՝ հոգալով ոչ միայն չորս երեխաների օրվա հացի, այլև նրանց կրթության խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքը Նոր Գեղի գյուղում բնակարանամուտ է նշել:

Առաջին հյուրերը եղել են աջակցողները՝ նոր կյանքի մեկնարկ տալով լավատեսության հույսը սրտում փայփայող, ուժեղ կնոջ ընտանիքին:

«Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարություների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երևույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն և լավատես է մնացել՝ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մոր՝ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն է՝ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը¦ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  650 ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս