«ՊԵԿ-ը պետք է ինքնամաքրվի. 20 տարուց ավելի աշխատած մարդկանց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն». Դավիթ Անանյան
ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հայտարարեց՝ պետք է այնպես անել, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է։
«Մենք պետք է ապահովենք հարկեր-ՀՆԱ որոշակի մակարդակ և հարկային վարչարարության արդյունավետության որոշակի գործակից։ Եթե մենք կոնկրետ նպատակադրվել ենք, ասենք՝ 2025 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 24 տոկոսի, մենք նաև պետք է ունենանք, թե ինչպիսի ջանքերով և պետության վրա ինչպիսի միջոցներով է այդ ծրագրային ցուցանիշն ապահովվելու։ Մենք այսօր ունենք գնահատված 2018 թվականի համար հարկային վարչարարության արդյունավետության գործակից, որը շուրջ 1.5 տոկոս է, ունենք նաև մեթոդաբանություն, որ մշակել և ներկայացրել ենք ԱԺ, թե ինչ մեթոդաբանությամբ է գործակիցը հաշվարկվում»,- ասաց նա։
Անանյանը ներկայացրեց, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն հարկային և մաքսային վարչարարության իրականացման առումով. «Հարկային վարչարարության կատարելագործման կամ հիմնական ուղղություններից առաջինը հարկ վճարողի սպասարկման որակի բարձրացումն է։ Երկրորդը՝ ավտոմատացված համակարգերի կիրառումն է, և հսկողական գործառույթների իրականացումը։ Հսկողական գործառույթների իրականացման ժամանակ պետք է տարանջատենք ստուգումներն ուսումնասիրություններից։ Ստուգումների շրջանակը պետք է նեղացնենք, մարդկային գործոնը պետք է իսպառ բացառենք, և այդ առումով բավականին խորքային բարեփոխումներ ենք իրականացնում»։
Պաշտոնյայի խոսքով՝ բավականին խորքային աշխատանք է կատարվել ստվերի կրճատման առումով, բայց այդ աշխատանքը, ըստ նրա՝ հաշվարկելի չէ, որովհետև ստվերի դեմ պայքարն այսօր իրականացնում են միկրոմակարդակում. «Այսինքն՝ մենք մեր վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողների վարքագծի նկատմամբ գնահատականներ տալով։ Դա լա՞վ է, իհա՛րկե ոչ, որովհետև չունենք այն համակարգը, որն այսօր ուզում ենք մեզ մոտ կայացնել։ Մենք ստվերի գնահատականը տալու ենք՝ ըստ ազգային հաշիվների 20 տեսակի գործունեության ոլորտների։ Պետք է ոլորտային միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլ ձևավորենք և դա անընդհատ արդիականացնենք»։
ՊԵԿ պաշտոնակատարի խոսքով՝ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։