«ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում հնարավոր են տհաճ անակնկալներ Մոսկվայի համար»․ Լուկիանով

«Մոսկվայի համար ՀՀ-ում կայանալիք ընտրությունների արդյունքները կարևոր են լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, տրամադրություններին և Մոսկվայի դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է, որ պայմանավորվածությունների համաձայն՝ արտահերթ խորհդրարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին:

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չափազանց կարևոր է եվրասիական տարածաշրջանի համար, սակայն ցանկացած պարագայում Մոսկվան հետևողի դերում է լինելու և վերագրվող մասնակցություն առաջիկա գործընթացներին չի ունենալու մի շարք պարզ պատճառներից ելնելով՝ Մոսկվան անհանգստություններ չունի Հայաստանի ապագա արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձի հարցի վերաբերյալ, որն ամենակարևոր հարցերից մեկն է ՌԴ-ի համար։ Սակայն դա, նրա խոսքով՝ այն հարցն է, որը մշտապես Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

Ըստ Լուկիանովի, նման շրջադարձեր կանխատեսելի չեն, այդ մասին խոսում են ՀՀ իշխանությունները ևս, ՀՀ վարչապետը ցույց է տալիս, որ կա Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու կամք և Ռուսաստանին ոչ մի կերպ անհանգստություն չպատճառելու ցանկություն, թեև որոշ խնդիրներ առաջացան՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քրեական գործով։

Նրա խոսքով, Մոսկվան հասկանում է նաև, որ հասարակական տրամադրությունները հեղափոխությունից հետո բուռն փուլում են, և հարկավոր է հաշվի նստել հասարակության հետ, այլապես հասարակությունը կարող է շատ բացասաբար արձագանքել ՌԴ-ի ցանկացած չմտածված, թեկուզ մտածված քայլի։

«Մեկ այլ պատճառ է նաև այն հանգամանքը, որ իրավիճակը դեռ իր զարգացման փուլում է, երկրում ստեղծված քաղաքական պատկերը դեռ իր ձևավորման փուլում է, որը կարող է երկարաձգվել, և դրան ինչ-որ կերպ միջամտելն անմտություն կլինի։ Այս իրավիճակի պատճառով Ռուսաստանն անտարբեր դիրք է ստանձնել, բայց մոտիկից հետևում է բոլոր գործընթացներին»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով, որ առաջիկա ընտրություններում Մոսկվան չի ունենալու ֆավորիտներ, չի աջակցելու կամ հիմնվելու որևէ ուժի վրա։ Բայց, ըստ նրա, այդ ընտրությունների արդյունքները Մոսկվայի համար կարևոր են լինելու, քանի որ փոխվելու է ԱԺ նախկին կազմը, և չի բացառվում, որ նոր ուժեր հայտնվեն խորհրդարանում։

Լուկիանովը չի բացառում, որ առաջիկա ընտրությունների արդյունքները տհաճ անակնկալներ պարունակեն Մոսկվայի համար։

«Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ներկայումս բավականին բազմազան է, կան և՛ արևմտամետ-ռուսատյաց, և՛ ռուսամետ, ինչպես նաև ռադիկալ տրամադրություններ ունեցող ուժեր, որոնք նաև արևմտամետ են։ Բնականաբար, որևէ երկրում ռադիկալ տրամադրությունների ամրապնդումը որոշում կայացնող մարմիններում ընդունելի չէ, ռադիկալիզմի ամրապնդումն ընդհանրապես վտանգավոր է, և դա չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը Սիրիայում պայքարում է իսլամական ռադիկալիզմի դեմ։ Բայց դա լուրջ խնդիր է նաև ՀՀ ներկայիս իշխանությունների համար, քանի որ ռադիկալիզմը կարող է շրջվել նրանց դեմ ևս։

Այսինքն՝ այստեղ չափազանց լուրջ զգուշավորություն և քաղաքականություն է հարկավոր, պետք է լրջորեն ուսումնասիրել, թե ինչու են նման տրամադրությունները գլուխ բարձրացրել, և որքան դրանք կարող են ամրապնդվել, ստանալ աջակցություն հասարակության կողմից։ Մնում է հուսալ, որ այն ուժերը, որոնք նախկին իշխանությունների դեմ զենքով են փորձել պայքարել, որը մերժում էր ՀՀ ներկայիս վարչապետը, պարզապես չեն ստանա լուրջ ձայներ առաջիկա ընտրություններում։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները Մոսկվայում վերլուծության առարկա են դառնալու, իսկ թե ինչպես դրանք կանդրադառնան երկկողմ հարաբերությունների վրա՝ դժվար է ասել, քանի որ այս պահին դժվար է ասել, թե որոնք կլինեն խորհրդարանում հայտնվելիք ուժերը, բացի իշխանությունից»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, Մոսկվայի տեսանկյունից ներկայիս դիրքորոշումը խելացի դիրքորոշում է։ «Հույս ունեմ, որ առաջիկայում այդ գիծը կպահպանվի, և սխալներ չեն լինի, քանի որ պատմությունն Ուկրաինայում և մի շարք այլ գոտիներում ցույց է տվել, որ սխալներն անդառնալի հետևանքներ են ունենում։ Իմ կարծիքով, ճիշտ է, որ Մոսկվան ընտրություններից հետո աշխատի ողջ քաղաքական դաշտի հետ՝ անվերապահ աջակցություն չհայտնելով որևէ մեկ ուժի»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս