
«Հայկ Կոնջորյանը լինելու է մեր ցուցակում». Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:
«Հայկ Կոնջորյանի մեզ միացումը շատ դրական եմ գնահատում: Շատ սպասված էր, նա մեր լավ գործընկերն է: Նա լինելու է մեր ցուցակում»,- հայտարարեց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ Կոնջորյանը եղել է այն գործընկերը, ով մշտապես կիսել է իրենց սկզբունքային դիրքորոշումներն ու սատարել:
Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, նա էլ, լինելով կուսակցության անդամ, դուրս էր եկել»:
Ցուցակի տեղերի հետ կապված քննարկում դեռ տեղի չի ունեցել: Սիմոնյանը վստահեցրեց, որ այն մտավախությունները, թե իբր «ՀՀԿ-ին նախկինում ձայն բերողները» լինելու են ՔՊ-ի ցուցակում, բացառված է:
«Կարծում եմ, որ մեծ անակնկալներ չեն լինի: Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, որոնք քննադատության են բերելու և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,- ասաց Սիմոնյանը: