«Բազմաթիվ գործատուներ աշխատողներին ստրուկի պես են վերաբերվում. պետական վերահսկողություն չկա». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում կոչ արեց վարչապետի թեկնածու Փաշինյանին՝ ընտրվելուց հետո պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի կտրուկ վերանայում անել։
«Այսօր պետական բյուջետային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձերը շատ ցածր են, դրանք ուղղակի չեն բավարարում հոգալ ամենանվազագույն պահանջները, հատկապես՝ ձմեռային սեզոնին, երբ մարդկանց ծախսերն ավելանում են»,- ասաց պատգամավորը։
Նա նաև կարևորեց աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը գրեթե անուշադրության է մատնված. բացառապես պաշտպանվում են հղի կանանց, մինչև 18 տարեկանների և երեխա խնամող ծնողների աշխատանքային իրավունքները, իսկ մյուսների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բարձիթողի վիճակում է։ Այսօր պետական վերահսկողություն չկա գործատուների մոտ աշխատողների աշխատանքային իրավունքները պաշտպանելու գործընթացի նկատմամբ, ինչը հիմք է տալիս բազմաթիվ գործատուների, հատկապես՝ մասնավոր ոլորտում աշխատողներին՝ որպես ստրուկ, որպես գործակատար վերաբերվելու համար»։
Կադրային քաղաքականությունը, ըստ պատգամավորի՝ պետք է տարվի պրոֆեսիոնալության սկզբունքով. «Մարդիկ պետք է ընդունվեն աշխատանքի և աշխատանքում վեր խոյանան բացառապես իրենց պրոֆեսիոնալ հատկանիշների շնորհիվ։ Այսօր մենք շատ լավ կադրեր ունենք, ովքեր գուցե քաղաքական հավակնություններ չունեն. մենք ոչ ոքի չենք կարող պարտադրել, որ առաջընթացի համար պետք է անպայման անդամակցի այս կամ այն կուսակցությանը, կամ մասնակցի այսինչ ընտրությանը»։