«Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից». ՀՔԾ պետ
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի պատրատվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից։
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել… Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և ներողություն խնդրելու կոչեր են անում»,- ասաց Խաչատրյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ չի՞ պատրաստվում գաղտնալսված զրույցի ընթացքում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Իհարկե, չեմ պատրաստվում»։
Յուրի Խաչատուրովից հրապարակային ներողություն խնդրելու կոչով գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հանդես էր եկել Խաչատուրովի որդին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում