«Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է». Սասուն Խաչատրյան

«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը:

«Այսինքն, միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել։ Նա այս տարի հուլիսին է լքել հանրապետության տարածքը»,- ասաց Ս.Խաչատրյանը:

Նրա խոսքով, հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ. այն պետք է ունենա որոշակի արդյունավետություն։

«Այսինքն՝ անձը կանչվում է հարցաքննության, երբ նրան ունենք տրվելիք որոշ հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի։ Այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին, երբ նա դեռևս հանրապետությունում էր», – ասաց Ս.Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է։

«Չեմ կարող ասել՝ բոլոր 1000 պարկուճներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ։ Բայց մեր ունեցած ապացույցները փաստում են, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճը փոխարինվել է ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ զենքերը կան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս