
Դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք կստանան

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք ստանան: Հարցը չզեկուցվող էր:
Նախագծի որոշման մեջ նշվում է, որ դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ և պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով: Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են ոստիկանության կողմից:
«Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը»,- նշված է նախագծում:
Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը:
Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն: