«Ցմահ դատապարտյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ». Արթուր Հովհաննիսյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:

Նրա խոսքով՝ փաթեթը պատրաստվել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ. «Մենք նախատեսում ենք դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի»:

Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ: «Մենք գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքերը՝ անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ դատապարտյալին կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ վերջինիս երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճաներում:

«Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն իր հաշվին գնումներ անի այսուհետ ոչ թե մինչև 30 հազար դրամի, այլ՝ շեմը բարձրացնում ենք մինչև 60 հազար դրամի, քանի որ գնաճ է տեղի ունեցել, ու առավելագույն շեմը պահպանելը արդարացված չէ: Ցմահ դատապարտյալներին այսուհետ պարտականություն չի լինելու՝ առանձին պահել մյուս դատապարտյալներից, ընդհակառակը, ցմահ դատապարտյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ եթե ցմահ դատապարտյալը ցանկանում է առանձին պահվել, կարող է դիմում գրել:

Տեսանյութեր

Լրահոս