«Ոնց որ ղեկավարը թելադրում ա, նենց էլ մնացածը ներքևում աշխատում են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ, Կարեն Կարապետյանի օրոք էլ ԱԻՆ փրկարար վարչության պետ աշխատած Ներսիկ Նազարյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգործ է մնացել՝ անցնելով թոշակի։

Թեպետ, ինչպես հասկացանք նրա հետ զրույցից, նախկին ոստիկանապետն այնքան էլ թոշակի հույսին չի մնացել։ Նա եւ նրա որդին՝ Արմեն Նազարյանը, ժամանակին տարբեր բիզնեսներ ունեին․ նրանց էր պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որոնք անսպասելի սնանկացան՝ այդպես էլ լիարժեք չպարզաբանված թողնելով հարցը, թե ինչպես «հաջողացրեց» սնանկ ճանաչվել Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք բարձր պաշտոն զբաղեցրած Նազարյան ընտանիքի նման հաջող բիզնեսը։

Արդյունքում բազում պարտքեր «գրվեցին սառույցին», կասկածելի գործարքներ կատարվեցին, ապա ամիսներ անց Նազարյանը կրկին պաշտոն ստացավ։ Նրա պարտատերերը երկար ժամանակ սնանկության կառավարչի հետ էին աշխատում, դատարաններ դիմում, որ իրենց կորցրած գումարների մի մասը կարողանան վերադարձնել։ Սակայն այդպես էլ չհաջողեցին։

Այսօր Նազարյանը բնակվում է Երեւանում, իսկ որդին ապրում եւ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Նազարյանը նոր իշխանությունների հետ, ասում է, հույսեր կապում է, բայց պետական համակարգ վերադառնալու որեւէ առաջարկ՝ անձամբ իր մասով, չի ստացել։

«Ոչ մի իշխանություն ինձ համար բարեկամներ չեն եղել, պետական կառավարում է, եթե առաջարկեն ինձ իրենց պետական համակարգում աշխատանք, մեծ հաճույքով կաշխատեմ, եթե չեն առաջարկի… ի՞նչ ասեմ, ես բոլորի օրոք էլ աշխատել եմ, ոչ մեկը բարեկամ չի եղել»,- ասաց պարոն Նազարյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի վարած քաղաքականությունը, երկիրը զարգացնելուն ուղղված քայլերն այս վեց ամսում։

-Ոնց որ ամբողջ ժողովուրդը, ես էլ եմ էդ ժողովրդից, դուք էլ եք էդ ժողովրդից, բոլորը լավատեսորեն են տրամադրված, լավատեսորեն տրամադրվելը կբերի շատ լավ արդյունքների։ Սկզբից դժվար կլինի, միշտ էլ տենց ա եղել, դժվարություն ա, պրոբլեմներ են… միայն պետք ա լավը սպասենք, ուրախանանք, որովհետեւ մենք էս երկրում ենք ապրելու, ուրիշ տեղ չունենք գնալու։ Եվ հուսով ենք, որ լինելու ա լավ։ Եթե ժողովրդի 90 տոկոսը լավ է տրամադրված եւ ուզում է էս վիճակը, հույս է կապում, ուրեմն դա կբերի շատ լավ բանի։

-Ձեր կյանքում, օրինակ, որպես ՀՀ քաղաքացու, ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո։

-Դե, չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել, ուղղակի լավ տրամադրություն ա, երբ որ տեսնում ես կողքիդ ժողովուրդը, շենքի հարեւանները, բոլորը լավ են տրամադրված, շատ լավ տրամադրությունով են, լավ ակնկալիքներ ունեն, դա շատ լավ ա։ Ես էլ, ինչպես Հայաստանի մյուս քաղաքացիները…

էսօր որեւէ մեկը չկա՝ հիմիկվա իշխանությունից էլ, նախկինից էլ, բոլորն էլ էն ժամանակ էլ են աշխատել, ամեն մեկը մի գործունեություն է ունեցել, տենց շատ մեծ տարբերություն չի, որ հիմիկվա նշանակված մարդիկ կապ չեն ունեցել էս երկրի հետ կամ որեւէ բանի հետ։ Ուղղակի մթնոլորտն ա փոխվել, ով էլ առաջ ուրիշ ձեւ ա մտածել, հիմա նորովի ա մտածում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս