Բաժիններ՝

«Այն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը». Հայկ Այվազյան

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող նախագծի մերժմանը և Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նոյեմբերին Երևանում կայանալիք ԼԳԲՏ համաժողովի վերաբերյալ, նկատեց, որ վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում  խոսեց՝ ոչ որպես քրիստոնյա, քանի որ, ըստ նրա՝ քրիստոնյայի համար միանշանակ է, որ միասեռականությունն այլասերում է, և նրանց կողմից իրականացվող ցանկացած քարոզ պետք է մերժվի։

«Մենք մեր պայքարի հինգ տարիների ընթացքում հարց չենք բարձրացրել, որ պայքարը գնում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ, մենք պայքարում ենք միասեռականության քարոզի դեմ, դրա իրավական ամրագրման և միասեռականության քարոզչությունը ֆինանսավորող կառույցների դեմ։ Վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում հայտարարեց, որ այս թեման գլխացավանք է կառավարության համար։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ կառավարությունն Արևմուտքի կողմից գտնվում է մեծ ճնշումների տակ, և այն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Այս օրինագիծը կառավարությունը մերժեց դրսի ճնշումների ներքո»,- նշեց Հայկ Այվազյանը։

Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի՝ այսօր բոլորը գտնվում են քարոզչության ծուղակում, եթե բոլորը խոսում են այդ թեմայի մասին, նշանակում է՝ տվյալ երևույթը մտել է մարդկանց կյանք։

«Մենք կորցնում ենք քաղաքակրթական մեծ արժեք, որի ակնհայտ կրողներից է մեր ազգը։ Մարդու անձնական կյանքը պետք է փակ լինի, և որևէ մենը իրավունք չունի մտնելու այլ մարդու անձնական կյանքի տիրույթ։ Քաղաքակրթության զարգացումը գնացել է բարոյականացման ճանապարհով, քանի որ վաղ անցյալում եղել է բաց սեռական հարաբերություններ, երբ բոլոր կանայք պատկանում էին բոլոր տղամարդկանց, և՝ հակառակը, մարդկությունը կկործանվեր, եթե այսպես շարունակվեր, այդ պատճառով էլ գնաց բարոյականացման ճանապարհով»,- ընդգծեց Կ. Նալչաջյանը։

Հոգեբանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ համասեռամոլության քարոզի աղբյուրը գալիս է դրսից, քանի որ Հայաստանը կարևոր  և հետաքրքիր երկիր է։

«Վերջին շրջանում մենք անընդհատ բաժանարար գծերի հետ ենք առնչվում, փոքր ազգ ենք և կանգնած ենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու խնդրի առաջ։ Այսօր ցանկանում են հարված հասցնել մեր միասնականությանը, մի մասը դարձել են հեղափոխական, մյուս մասը՝ հակահեղափոխական, մի մասը պաշտպանում է համասեռամոլներին, մյուս մասը՝ ոչ։

Նույնիսկ «ավանդական» բառը վերջին շրջանում սկսել է վատ երանգ ստանալ, այն զուգորդվում է հետամնացության հետ, սա նույնպես քարոզչության արդյունք է։ Կարծում եմ՝ պետությունը բոլոր միջոցներով պետք է տա համապատասխան արձագանք։ Եթե քարոզչությունն արգելող նախագիծը մերժվում է կառավարության կողմից, ապա կա՛մ մեր կառավարությունն ուղղակի շատ խեղճ  է, որը նրան պատիվ չի բերում, կա՛մ գուցե նրանց հետ համագործակցում է»,- նշեց հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ համասեռամոլությունը մոտ 25 տարի առաջ համարվում էր հիվանդություն, իսկ այժմ այն այլևս հիվանդություն չէ։

«Եթե սա իրոք հիվանդություն է, ապա հիվանդ մարդու նկատմամբ պետք է լինել հոգատար և փորձել բուժել։ Բայց քանի որ սա մի երևույթ է, որը հոգեֆիզիոլոգիական տիրույթում է, և հոգեթերապիան մի ոսկե կանոն ունի՝ չկա բուժում, եթե չկա դիմում։ Եթե մարդը կարծում է, որ ինքը գտնվում է լավ վիճակում, և այդպես իրեն դուր է գալիս, ապա լավագույն հոգեթերապևտն այստեղ գործ անել չի կարող։ Մենք բախվում ենք այն իրողության հետ, որ այս մարդիկ ցանկանում են այդպես ապրել, ուրեմն, Աստված իրենց հետ թող ապրեն այնպես, ինչպես ուզում են»,- ասաց հոգեբանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյությում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս