Մերկելը հավաստեց, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու Բունդեսթագում եւ չի հավակնելու կանցլերի նոր ժամկետի: Բացի այդ, նա հայտնել է, որ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ)՝ դեկտեմբերի 7-8-ին կայանալիք համագումարում չի առաջադրվելու կուսակցության նախագահի պաշտոնում:
«Նախ, ՔԴՄ-ի հաջորդ կուսակցական համագումարում, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Համբուրգում, ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու ՔԴՄ-ի նախագահի պաշտոնում: Երկրորդ՝ լիազորությունների իմ այս չորրորդ ժամկետը վերջինն է ԳԴՀ-ի դաշնային կանցլերի կարգավիճակում»,- Բեռլինում ասել է Մերկելը լրագրողներին:
«2021 թվականին Բունդեսթագի ընտրություններում ես ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքից հանդես չեմ գա որպես կանցլերի թեկնածու եւ չեմ առաջադրվի Բունդեսթագում, ինչպես նաեւ չեմ հավակնի քաղաքական այլ պաշտոնների»,-հայտնել է Մերկելը:
Անգելա Մերկելը 2000 թվականից ՔԴՄ-ի առաջնորդն է, 2005 թվականին զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը:
Գերմանացի լրագրողների տվյալներով՝ կուսակցությունում Մերկելի պաշտոնին հավակնում են միանգամից մի քանի թեկնածուներ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ենս Շպանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: