Բաժիններ՝

Ինչ էին խորհրդանշում Երևանի 2800-ամյակի տոնակատարության օրերին շենքերի պատշգամբներին ամրացված վարդագույն եռանկյունաձև կտորները

Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության օրերին Երևանի որոշ շենքերի պատշգամբներին հայտնվել էին եռանկյունաձև վարդագույն կտորներ, որոնք շատերի մոտ հարց էին առաջացրել, թե իրականում ի՞նչ են խորհրդանշում այդ կտորները։

Այս հարցի պատասխանը ստանալու համար 168.am-ը դիմել էր Երևանի քաղաքապետարան, որտեղից ի պատասխան մեր հարցման՝ նշել էին, որ եռանկյունիները վարդագույն չէին, այլ բաց մանուշակագույն, և դրանք միայն Տերյան 42 շենքի վրա են տեղադրված եղել:

«Նշված շենքը ձևավորված է եղել համադրության մեջ՝ գովազդային այլ նյութերի հետ, իսկ բաց մանուշակագույն եռանկյունիները մաս են կազմել ամբողջական ձևավորման: Մի շարք  շենքեր ձևավորվել են կարմիր, դեղին և այլ գույնի եռանկյունիներով՝ Երևան քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար: Բացի այդ, եռանկյունիները նաև Երևանի հիմնադրման մասին վկայող սեպագիր արձանագրության խորհրդանիշներից են: Աշխատանքներն իրականացվել են համաձայն «Factory» և «Braind» կազմակերպությունների ներկայացրած դիզայներական լուծումների»,- պարզաբանել են քաղաքապետարանից:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ «Իմ հայկական Երևան» ցուցապաստառը, որը տոնական միջոցառման օրը գտնվում էր Ազատության հրապարակում, քաղաքապետարանից պատասխանել են, որ այն խորհրդանշել է տվյալ բեմահարթակի երաժշտական ուղղությունը:

«Տեղային այդ հարթակը հանդիսացել է հայկական երգարվեստի, հայկական ժողովրդական մեղեդիների ներկայացման վայր, ուր հանդես են եկել ազգագրական և ժողովրդական մի շարք խմբեր և մենակատարներ: Հիշեցնենք, որ Երևանն այդ օրն ունեցել է թվով 7 բազմաժանր հարթակներ»:

Անդրադառնալով այն հարցին, թե Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության համար որքա՞ն գումար է հատկացվել, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ տոնական միջոցառումների կազմակերպման համար բյուջեից նախատեսվել է 252,370.513 ՀՀ դրամ գումար:

Մեր մյուս հարցին, թե նախատեսվածից տոնական միջոցառումների գումարը որքա՞ն է կրճատվել, քաղաքապետարանից ոչինչ չեն պատասխանել, այլ  մատնացույց են արել Հայկ Մարությանի այն պատասխանը, որ շատ լավ տնտեսում է եղել Երևան քաղաքի զարգացման համար։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս