«ՕՕՆ չի, ՄԱԿ ա». Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն՝ Արման Աբովյանին

Քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Հրաչ Սարգսյանն իր կենսագրությունը ներկայացնելուց հետո սկսեց պատասխանել Երևանի ավագանու անդամների հարցերին։

Երբ ավագանու «Ծառուկյան» խմբակցության անդամ Արման Աբովյանը Հրաչ Սարգսյանից փորձեց ստույգ ճշտել, թե որոնք պետք է լինեն նրա առաջին քայլերը, որովհետև իր ելույթի մեջ նշված ծրագրերը «ՕՕՆ, բան, լավ են», բայց ակնկալվում են կոնկրետ քայլեր, վերջինս արձագանքեց՝ «ՕՕՆ չի, ՄԱԿ ա»։

Անշուշտ, քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուի նախանձախնդրությունը հայոց լեզվի անաղարտությունը պահպանելու հարցում շատ ողջունելի է, բայց հույս ունենք, որ նա նույն հետևողականությամբ կփորձի ուղղել նաև մասնավորապես իր թիմակիցների լեզվական ու քերականական սխալները, որպեսզի հաջորդ անգամ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամը, օրինակ, քաղաքապետի օգնականների ու խորհրդականների քանակի շուրջ բովանդակային քննարկման ժամանակ հնչեցրած «Ո՞վ ա չափել, հասկացել, որ այդ փոխքաղաքապետերը պիտի լինեն երկուսը։ Ըստ իս, լուրջ եմ ասում, բոլոր էս ուղղությունները, ոլորտները, որ նայում եմ, փոխքաղաքապետի ենթակայության տակ ա, չորս փոխքաղաքապետը բավարար չեն։ Լուրջ եմ ասում։ Ինձ թվում ա, յոթը կարող են լինել։ Տենց էլի…» բնույթի ձևակերպումներից զերծ մնա։

Իսկ քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուի նախկին աշխատանքային  ձեռքբերումները տպավորիչ են։ Մնում է հուսալ, որ նմանատիպ ձեռքբերումներ Հրաչ Սարգսյանը կունենա նաև՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալ։

 

Տեսանյութեր

Լրահոս