Բաժիններ՝

«Մրցակցային դատավարության փոխարեն՝ մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնի դերակատարությունը». Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ավելի մոտիկից ծանոթանալով հայաստանյան դատարանների ընդհանուր վիճակին, եկել է այն եզրահանգման, որ դրանց վիճակն ավելի մտահոգիչ է, քան ենթադրում էր։

«Մենք ունենք տարիներով կուտակված հիմնախնդիրներ, որոնք կլուծվեն միայն խորքային բարեփոխումների արդյունքում։ Մասնավորապես՝ առաջին խնդիրն այն է, որ անպայման պետք է ստեղծվի մրցակցային արդարադատություն։ Կա կարևոր սկզբունք, որ արդարադատությունը պետք է մոտեցվի բնակչությանը և լինի մրցակցային։ Երբ ուսումնասիրեցինք մարզերի դատարանների ընդհանուր վիճակը՝ դատական գործերի բաշխում, նստավայրեր, դատավորներ, ապա պարզ դարձավ, որ այնտեղ հայտարարվել է մեկ սկզբունք, սակայն գործել է բոլորովին մեկ ուրիշ սկզբունք։ Այսինք՝ մրցակցային դատավարության փոխարեն՝ մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնի դերակատարությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ԲԴԽ վերջին վեց ամիսների աշխատանքները՝  նշեց Գ. Հարությունյանը։

Ըստ նրա՝ դատարաններում գործերը բաշխվել են ոչ թե մրցակցային հիմունքներով՝ նույն նստավայրում նստող դատարավորների միջև, այլ գործերը տվել են դատարանին, իսկ դատարանի նախագահն իր սուբյեկտիվ հայեցողությամբ դրանք տվել է դատավորների, որի արդյունքում էլ ստացվել է հասցեական արդարադատություն։ Այս ամենը, Գ. Հարությունյանի կարծիքով՝ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:

«Մենք ամբողջությամբ վերանայել ենք համակարգը և փորձել են օպտիմալացնել նստավայրերը և ապահովել մեկից ավելի դատավորներ։ Ամբողջը չդարձնել մեկ նստավայր և դատական բաշխումները կատարել էլեկտրոնային համակարգի միջոցով։ Սա չարյաց փոքրագույնն էր, և այստեղ ավելի հեշտ էր խնդիր լուծել, քան մյուս ոլորտներում»,- շեշտեց Գ. Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի արդարադատության համակարգում էլեկտրոնային արդարադատության ներդրումը գտնվում է զրոյական մակարդակում, քանի որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։

Գ. Հարոթյունյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում արդարադատության ծախսատարությունը նույնպես լավ չի համակարգված, և ծախսատարության  առումով արդարադատությունը չափազանց անարդյունավետ է։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս