«Էվոլյուցիան անսահման է, մենք դրա մի փոքր մասն ենք միայն բացահայտել». Արմեն Սարգսյան
Աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հոկտեմբերի 29-30-ը Երևանում կմասնակցեն «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումին: Ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Հոկտեմբերի 20-ին բացման արարողությանը հյուրերին ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինձ շատ է դուր գալիս այսօրվա վերնագիրը, մենք պետք է այդ էվոլյուցիոն զարգացման մասը լինենք: Էվոլյուցիոն հեղափոխությունները սկզբում տեղի են ունեցել հարյուր տարին մեկ, հետո դարձել 50, 30 տարին մեկ, շուտով կդառնա 10, հետո 3 և 1 տարին մեկ: Մարդկությունը և հատկապես քաղաքակրթության դարպասը պահողները պետք է պատրաստ լինեն դրան: Էվոլյուցիան անսահման է, մենք դրա մի փոքր մասն ենք միայն բացահայտել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում անցկացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից` Սփյուռքահայ գիտական ասոցիացիայի աջակցությամբ: Միջազգային ֆորումը համախմբելու է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից:
Գլոբալ ինովացիոն ֆորումը ներառում է եռօրյա հագեցած ծրագիր հետևյալ հիմնական ուղղություններով.
Կենսաբանական նվաճումները` կենսանյութերի մասին գիտություն, գենետիկա և գենոմիկա
Բանականության ապագան` արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտիկա և ինքնավար համակարգեր: