«Եվրատեսիլ-2019»-ը կանցնի «Թույլ տուր քեզ երազել» նշանաբանի ներքո
«Թույլ տուր քեզ երազել». սա է լինելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նշանաբանը, որը 2019 թվականի մայիսի 14-ից մինչեւ 18-ն անցկացվելու է Թել Ավիվում: Այդ մասին հայտնել է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը:
«Այս ոգեշնչող կարգախոսը ներկայացնում ու խորհրդանշում է այն ամենը, ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Խոսքը վերաբերում է ինտեգրմանը, բազմազանությանը, միասնությանը: Կանգնելով բեմում, երազելով «Եվրատեսիլ»-ում հաղթելու մասին, համարձակ ու վստահ եղեք՝ ելույթ ունենալով համաշխարհային լսարանի առջեւ:
Դա այն է, ինչի մասին արժել երազել»,-նշել է երգի մրցույթի գործօադիր տնօրեն Յոն Օլա Սանդը, որի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը: Առաջիկա մրցույթի նշանաբանը հայտարարել են «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրենի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումից հետո, ճշտել են մամուլի ծառայությունում:
«Եվրատեսիլ»-ի՝ թվով 64-րդ մրցույթը տեղի կունենա Թել Ավիվում՝ Իսրայելի տոնավաճառների կենտրոնում: Ստուգատեսի կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 14-ին եւ 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: