«ՀՀԿ-ն Փաշինյանի հետ ոչ գործարքների է գնացել, ոչ էլ մտադրություն ունի գնալու». Էդուարդ Շարմազանով
Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ն կուլիսային գործարքների մեջ է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և իբրև թե հենց այդ պայմանավորվածությունների համատեքստում է նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորական մանդատներ ստացող 4-րդ ուժը հենց ՀՀԿ-ն լինելու: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ չբացառեցին, որ նման լուրերը շրջանառվում են ԲՀԿ-ական և այլ շրջանակներից։
Այդ խոսակցությունները դադարեցին հատկապես այն պահից, երբ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հոկտեմբերի 22-ին դեմ արտահայտվեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը` պատճառաբանելով, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգիրք չեն փոխում:
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ լուրերին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Իսկ եթե էդ նույն մարդիկ ասում են, որ Հայաստանում, ա՜, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը դադարեցրել է, վարչապետը մութ գործարքների է գնացել: Այսինքն, վարչապետը պիտի թողնի, որ էդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որևէ մեկի հետ ընդհանրապես հնարավոր ա, որ կուլիսային գործարքի գնա՞մ: Կուլիսային գործարքի 20 տարի ինձ իշխանությունը խնդրում էր իրանց հետ գործարքի գնամ, որ էդպես լիներ…»:
Այս լուրերի, ինչպես նաև վարչապետի արձագանքի շուրջ 168.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Վերջինիս արձագանքը կտրուկ էր:
«Մեզ համար հասկանալի են, թե որ շրջանակները կարող են նման կեղծ լուրեր շրջանառել։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանն ասում է, որ որոշ մարդիկ իրեն ասում են, թե իբր ինքը կուլիսային խաղերի մեջ կարող է լինել ՀՀԿ-ի հետ… Ես չգիտեմ` իրեն ով՝ ինչ է ասել, բայց աներկբա է մի բան. ՀՀԿ-ն երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ գործարքների գնացել է, և ոչ էլ մտադիր է գնալ: Այնպես որ, իր հետ գործարքների գնալու ցանկացողներ թող վարչապետն այլ տեղ փնտրի»: