«Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար». Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին ճնշելու մասին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կանխատեսումներ չի անում՝ արդյոք երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կընդունվի՞, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Միրզոյանը նշեց, որ ամեն դեպքում այս օրերին տարբեր կողմերից հավաստիացումներ և հայտարարություններ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել. «Արտահերթ ընտրություններ, միևնույն է, լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը՝ կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»:

168.am-ի դիտարկմանը, որ նախագիծն Ազգային ժողովում չընդունվեց հենց իրենց գործընկերների պատճառով՝ «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններից բացականեր կային, Ա.Միրզոյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես բոլոր 105 պատգամավորներին համարում է իրենց գործընկերը.

«Ես լիահույս եմ, որ բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ, ի վերջո, կամրապնդվի գիտակցումը, որ երկիրն այլևս պետք չէ տանել ավելորդ ցնցումների, ի վերջո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են ընձեռում քաղաքական ուժերին»:

Միրզոյանը հերքեց լուրերը, թե ինքն անձամբ է զանգահարել տարբեր պատգամավորների, ճնշում գործադրել, որպեսզի գնան նիստի. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների, ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»:

Մեր հարցին՝ թե ինչպիսի՞ն է միջազգային արձագանքը, եթե ԸՕ-ն ընդունվի ընտրություններից 20-25 օր առաջ, Միրզոյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի գնահատականը դրական էր, և Բուքիքիոն ասել է, որ հանձնաժողովը գնահատում է ընտրական գործընթացների կայունությունը, այդ թվում՝ վաղօրոք օրենսգրքի փոփոխությունը, բայց նաև ասել է, որ հասկանում են ստեղծված առանձնահատուկ իրավիճակը, և, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները հակառակն են պնդում, Միրզոյանը պատասխանեց. «Հանձնաժողովի նախագահի հայտարարությունն իրենց կայքում կա, տեսագրություն կա, հո հայտարարելով չի՞»:

Տեսանյութեր

Լրահոս