Բաժիններ՝

«Հենց քաղաքական իրավիճակը մի փոքր սրվում է, ռուսները հայ վարորդների հարցն են բարձրացնում»

Դեռևս անցած ամիս ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող անձանց արգելել որպես վարորդ աշխատել Ռուսաստանի  տարածքում։ Հայ վարորդների վերաբերյալ ռուսական կողմը պահանջում է, որպեսզի ՀՀ «Վարորդական վկայականի» տվյալները դարձնեն նաև ռուսերեն:

«Վարորդական վկայականի վրա միջազգային լեզվով՝ անգլերենով գրված է: Իրենք ասում են, որ Ռուսաստանում աշխատելու համար վարորդական իրավունքը պետք է կա՛մ ՌԴ-ում տրված լինի, կա՛մ պետք է փոփոխվի: Այսինքն, եթե ՀՀ-ում են տալիս այդ վկայականը, ռուսերենով գրելու անհրաժեշտություն կա: Ռուսները պարբերաբար այս հարցը բարձրաձայնում են: Կարծում եմ՝ քաղաքական խնդիրների հետ է կապված: Նույնը նաև սննդամթերքի դեպքում է: Հենց քաղաքական իրավիճակը մի փոքր սրվում է, նման հարցեր են  բարձրացնում: Բայց երբ ՀՀ վարչապետը գնում, հանդիպում է Պուտինին, հարթվում է ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները, համաձայն որոնց՝ Ռուսաստանում արգելվել է աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է:

Հայազգի վարորդները վարորդական իրավունքը ռուսալեզու դարձնելու համար պետք է կա՛մ հավելյալ գումար վճարեն, թարգմանեն, կա՛մ էլ ստիպված պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս