Ամերիկացիների գրեթե կեսը դեմ է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու Թրամփի մտադրությանը. հարցում
Ամերիկացիների գրեթե կեսը (49 տոկոսը) հանդես է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության դեմ:
Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի՝ հոկտեմբերի 25-ին հրապարակված տվյալները, որն անցկացվել է Civis Analytics վերլուծական ֆիրմայի կողմից: Հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն է պաշտպանում նման պլանները: Եվս 20 տոկոսը կարծիք չունի դրա վերաբերյալ: Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 20-ից մինչեւ 22-ը. դրան մասնակցել է ավելի քան 5,6 հազար մարդ: Թույլատրելի անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:
Ինչպես նշում են վերլուծաբանները, Թրամփի բռնած դիրքին հավանություն են տալիս այն ամերիկացիների 54 տոկոսը, որոնք նրա օգտին քվեարկել են 2016 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում: Միեւնույն ժամանակ նրա կողմնակիցների մոտավորապես 25 տոկոսը կնախընտրեր, որ ԱՄՆ-ը հետագայում էլ կատարեր ՄՓՀՀՊ-ի պայմանները: Դեմոկրատների շրջանում պայմանագրից դուրս գալու գաղափարը մերժում է հարցվածների 72 տոկոսը: Հոկտեմբերի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս կգա ՄՓՀՀՊ-ից, քանի որ Ռուսաստանը, նրա կարծիքով, խախտում է համաձայնագիրը:
Ընդ որում՝ նա Մոսկվայի եւ Պեկինի հետ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը հնարավոր է համարել նրանց կողմից նման սպառազինությունների մշակումների դադարեցման վերաբերյալ հավաստիացումների դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: