Ցանկանում ենք ՀՀ-ում քաջալերել աշխատանքը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք, գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը: Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարևոր և բացառիկ արդյունքն է, որովհետև իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու և բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցիալով: Այս առումով, մենք իհարկե հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում և դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայիսից հետո արտադրության մեջ ներդրվող սարքավորումների ներկրման ծավալներն աճել են երկնիշ թվերով: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ: «Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե գործընկերության մեր պայմանն է և առաջարկը բոլոր ներդրողներին: Ընդհանրապես, ՀՀ-ում շատ կարևոր ենք համարում աշխատանքի խրախուսումը: Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է և շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ և մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել ևս վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երևույթը, երբ որևէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարևոր նախապայմանն է, որ դուք ազատ և լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը: Այստեղ ներկա գործարարությամբ զբաղվողների կենսագրությունն ապացուցել է, որ գործարար տաղանդ ունեցող մարդիկ եք, և մենք ձեզ հրավիրում ենք ձեր տաղանդը ներդնելու Նոր Հայաստանի նոր տնտեսության կառուցման գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Եռօրյա համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր: Պատվիրակներն այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ կատարելու իրավական ու տնտեսական առանձնահատկություններին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը և շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաև կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի: