«Ակցիզային դրոշմանիշերի վրայի թափանցիկ շերտը հեշտությամբ պոկվում ու հայտնվում է երեխաների կոկորդում». ո՞վ է մեղավոր
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս անդրադարձել էր ակցիզային դրոշմանիշերին՝ նշելով, որ վրայի թափանցիկ շերտը հեշտությամբ պոկվում է:
«Տեսե՞լ եք, թե վրայի թափանցիկ շերտն ինչքան հեշտ է պոկվում։ Երբեմն այնքա՜ն աննկատ։ Իսկ գիտե՞ք, թե դա քանի՞ երեխայի է հիվանդանոց հասցնում: Մանկահասակների կոկորդում այդ թափանցիկ շերտը կարող է հայտնվել անգամ ամենաուշադիր ծնողի դեպքում։ Այդ շերտը ձկան փշի էֆեկտ ունի, երբ հայտնվում է կերակրափողում։ Ավելին, այն դժվար հայտնաբերելի է։ Ծանոթ բժիշկներից մեկն ինձ խորհուրդ էր տալիս գերուշադիր լինել ու բոլոր շշերից ու տուփերից անմիջապես պոկել այն, եթե երեխա կա տանը։ Ինձ թվում է, որ կարելի է ավելի անվտանգ ակցիզներ տպել, որ պոտենցիալ վտանգ չի լինի»,- գրել էր Սեդա Մուրադյանը:
Մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքեր ոչ հաճախ, բայց հանդիպում են:
«Հիմնականում մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում է լինում, քանի որ նրանք սիրում են ցանկացած իր տանել բերանը»,- նշեց մանկաբույժը:
Նրա կարծիքով՝ այստեղ գործ ունենք նաև ծնողների անզգուշության հետ: «Պիտակավորված իրերը, որոնք հայտնվելու են երեխայի ձեռքում, նախ և առաջ պետք է վնասազերծել»,- հորդորեց մանկաբույժը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով էլ՝ այս հարցը պետք է բարձրաձայնվի ու լուծում ստանա, որովհետև արտադրողները դրոշմանիշը, ասենք, շշի կողքից փակցնելու փոխարեն՝ խցանի վրա են փակցնում:
«Հիմարություն է, բայց քանի որ դրանք օրենքով պարտադիր են, մնում է ճիշտ ձևը գտնեն, որ վնասներ չհասցնեն մարդկանց առողջությանը: Ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները կարող են չնկատել ու կուլ տալ այդ թափանցիկ շերտը»,- նկատեց Կարեն Չիլինգարյանը:
168.am-ն այս հարցով դիմել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Նրանց պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:
Անի Կարապետյան