«Հունվարի 1-ից սահմանին գազի գնի նոր պայմաններ են առաջ գալու»
«Այն պայմանագիրը, որ կնքվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև և վավերացվել է 2013 թ. դեկտեմբերին ԱԺ կողմից, ինձ լավատեսություն շատ չի ներշնչում: Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի գնի և դրանից բխող գազի սակագնի սահմանման համար, համաձայնագրի դրույթները անպայման պետք է վերանայվեն»,- այս մասին այսօր ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ գազային համաձայնագրում արձանագրված է, որ «Գազպրոմ Արմենիան» 9% ներքին եկամտաբերություն պետք է ունենա, իսկ ընկերության կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում և Իրան-Հայաստան 140 կմ գազատարի կառուցման համար մոտ 700 մլն դոլար ներդրումները պետք է ներառվեն սակագնում և փոխհատուցվեն:
«Դա հանգեցնելու է սակագնի փոփոխության խնդրի: Դա նշանակում է, որ երբ հունվարի 1-ից սահմանին գազի գնի նոր պայմաններ են առաջ գալու, ՀՀ իշխանութունները պետք է բանակցություններն այնպես տանեն, որ սակագնային քաղաքականության է՛լ ավելի լարման չտանեն»,- ասաց Մելքումյանը:
Ըստ նրա՝ տարբեր համաձայնագրերով արձանագրված է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը պետք է պահպանվի 10%: Նա նշեց, որ վերջին տարիներին սահմանի վրա գազի գնի 3 իջեցում է եղել, բայց դրանցից միայն մեկն է ազդել սակագնի նվազման վրա, իսկ երկու դեպքում գումարը թողնվել է ընկերությանը:
Մելքումյանի համար անհասկանալի է, թե ինչպես է, որ նախորդ հանձնաժողովում կորուստները 5.37% էր, հիմա դարձել է 6.69%, ընդ որում՝ փոխադրումների ժամանակ կորուստները ավելի շատ են, քան բաշխան ժամանակ, մինչդեռ աշխարհում հակառակն է:
Այս խնդիրները Մելքումյանը քննարկել է ոլորտի նախարարի, ՀՀ վարչապետի հետ, և վերջինս ասել է, որ այս առիթով իր և ՌԴ նախագահի զրույցը բավական հուսադրող է:
«Պուտինը շահագրգիռ է, իջեցում անել, բայց փաստաթղթավորված պետք է իրեն տրվի»,- ասել է Փաշինյանը:
Անրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման խնդրին՝ Մելքումյանը նշեց, որ ՀԷՑ-ի շահութաբերությունը՝ ներառյալ հարկերը, 17% է, իսկ էլեկտրաէներեգիայի սակագինը 5 դրամ իջեցնելու համար պետք է ներդնել 27 մլրդ դրամ: